Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը դիմել է շուրջ 100 երկրների իր գործընկերներին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուղերձ է հղել շուրջ 100 երկրների օմբուդսմեններին եւ մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին, որում հայտարարել է, որ Հունգարիան եւ Ադրբեջանը խախտել են Հայաստանի քաղաքացիների իրավունքները։

«Հաշվի առնելով, որ Հունգարիայի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործի վերադարձը Ադրբեջան եւ նրան ներում շնորհելը հանգեցրել է Հայաստանում կոնկրետ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը` անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հանցագործի արտահանձնման հետեւանքով մի շարք անձանց իրավունքների կոպիտ խախտմանը», - գրել է օմբուդսմենը` մանրամասնելով. - «Կացնահարող մարդասպանի արտահանձնումը տեղի է ունեցել Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983 թվականի Ստրասբուրգի կոնվենցիայի ոգու եւ սկզբունքների խախտմամբ: Միջազգային իրավունքի համաձայն` պետությունը պարտավոր է պայմանագրի դրույթները կատարել բարեխղճորեն (pacta sunt servanda), ինչը տվյալ դեպքում չի արվել: Նույնիսկ եթե համարվի, որ Հունգարիան ձեւականորեն պահպանել է համապատասխան կոնվենցիայի պահանջները, այդ դեպքում եւս, խախտվել է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքը, քանի որ Հունգարիան կարող էր եւ/կամ պարտավոր էր կանխատեսել իր արտահանձնման ապօրինի հետեւանքները»:

Կարեն Անդրեասյանը շեշտում է, որ իրենց գործողություններով Հունգարիան եւ Ադրբեջանը լիովին ձախողել են պատժի նշանակման բոլոր երեք նպատակները` սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի ուղղումը, ինչպես նաեւ հանցագործությունների կանխումը:

«Կոչ եմ անում այլ երկրների Օմբուդսմեններին եւ մարդու իրավունքների պաշտպանության մյուս ազգային ինստիտուտներին խստորեն դատապարտել էթնիկ հողի վրա մարդասպանություն կատարած անձի արտահանձնումը Հունգարիայի իշխանությունների կողմից, ինչպես նաեւ սպասելի ազատ արձակումը ու հերոսացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից», - գրել է Հայաստանի օմբուդսմենը իր ուղերձում` ամփոփելով. - «Առաջադեմ եւ ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում եւ խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG