Մատչելիության հղումներ

Աշխարհասփյուռ հայությունը դատապարտում է Բուդապեշտին


Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի դատարանում, ապրիլ, 2006թ.

Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի դատարանում, ապրիլ, 2006թ.

Տարբեր երկրներում կազմակերպվում են բողոքի ակցիաներ։

Գերմանիա

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ) պատրաստվում է բողոքի ցույցեր կազմակերպել Գերմանիայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։ Գերմանահայոց Կենտրոնական խորհուրդը իր ցասումն է հայտնում Հունգարիայի իշխանությունների կողմից ցմահ դատապարտման ենթարկված մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու առնչությամբ:

«Այսպիսի դավադրությունները չպետք է հանդուրժվեն ու պետք է ունենան դրանց համարժեք միջազգային հետեւանքներ», - մամլո հաղորդագրության մեջ ասել է ԳԿԽ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը:

Հարավային Ամերիկա

Հարավային Ամերիկայի Հայոց ազգային կոմիտեն դատապարտում է Ադրբեջանում մարդասպանին ներում շնորհելու եւ մեծարելու իրողությունը։ Այս դրվագը Ադրբեջանի ղեկավարի հայատյաց քարոզարշավը սոսկ մեկ մասնիկն է։


Նորվեգիա

Նորվեգիայի հայությունն այսօր ժամը 2-ին բողոքի ցույց է անցկացնելու Օսլոյում Ադրբեջանի դեսպանատան մոտ։ Բողոքի նամակները կփոխանցվեն արտգործնախարար Յոնաս Գաար Սթորին, Եվրամիությունում Նորվեգիայի դեսպան Յանոս Հերմանին եւ «Սթաթօյլ» ընկերության նախագահ Հելգե Լունդին։

Բողոքի նամակում ասվում է, որ տեղի ունեցածը ոչ միայն միջազգային օրենքների կոպիտ ոտնահարում է, այլեւ ուղերձ Ադրբեջանին առ այն, որ այդ երկրի իշխանությունները իրենց քաղաքացիների շրջանում կարող են հետագայում էլ քաջալերել հայատյաց տրամադրությունները։

«Շվեդիայի արտաքին գործոց նախարար Կարլ Բիլդը դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը, մինչդեռ, Նորվեգիայի կողմից որեւէ հայտարարություն դեռ չի հնչել», - ասվում է բողոքի ուղերձում։

ԱՄՆ

ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի Հայկական ընկերակցությունը այս խնդրով բողոքի նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին։

«Մենք կոչ ենք անում Ձեզ անհապաղ դատապարտել Հունգարիայի եւ Ադրբեջանի գործողությունները», - ասվում է նամակում։

Չեխիա

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շաբաթ օրը` սեպտեմբերի 8-ին, ժամը 1-ին նախատեսված է բողոքի ցույց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG