Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մոսկվան դեռ լռում է


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում
Պաշտոնական Մոսկվան դեռ լռում է Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը փորձել է արդարացնել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ լռությունը։ Կիրակի օրը դեսպանը, մասնավորապես, ասել է, թե պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանում տոնական ու հանգստյան օրեր են, եւ հավելել է, որ երկուշաբթի օրը հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի արտգործնախարարությունում։ Եսայանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի պաշտոնական արձագանքը կհնչի։

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը հայտարարել է, որ միության պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի երեքշաբթի օրը, իսկ այսօր նա Ռուսաստանի պաշտոնական կառույցներից կփորձի ճշտել պաշտոնական Մոսկվայի արձագանքը։

Հայ - ռուսական համագործակցության կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը նույնպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում կարծիք հայտնեց, որ պաշտոնական Մոսկվայի լռությունը կապված է հանգստյան օրերի հետ։

Այդուհանդերձ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը անցած շաբաթ օրը` սեպտեմբերի 1-ին, օրինակ, մի շարք լուրեր իր պաշտոնական կայքէջում տեղադրել էր։

Ռուսաստանի մի շարք հայկական կազմակերպություններ արդեն արձագանքել են ադրբեջանցի մարդասպանի էքստրադիցիայի եւ ներման թեմային։ Մասնավորապես, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի «Երկրամաս» թերթում հայկական կազմակերպությունները հայտարարություն են տեղադրել, որում նշված է. - «Ինչո՞ւ է Եվրամիությունը, որը ձգտում է զարգացնել եւ պաշտպանել արդարադատության եվրոպական համակարգը, աչքերը փակում նման արարքի վրա»։

Հայ - ռուսական համագործակցության կազմակերպությունը այսօր է հրապարակելու իր հայտարարությունը, իսկ մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը ասաց. - «Մենք Ռուսաստանի ղեկավարությանը կոչ ենք անում` իբրեւ միջազգային հարաբերություններում արդարության կողմ երկիր եւ տարածաշրջանում անմիջականորեն ներգրավված երկիր, ու նաեւ պատմական որոշակի պատասխանատվություն Կովկասի տարածաշրջանի համար ստանձնած պետություն, հստակ գնահատական տալ այս քայլին, մանավանդ այն առումով, որ Ադրբեջանի եւ Հունգարիայի այս գործարքը ակնհայտորեն բերում է նաեւ լարվածության մեծացմանը, դրանով իսկ` լարվածությանը մեծացումը հարվածի տակ է դնելու նաեւ Ռուսաստանի խաղաղարարական ջանքերը, նաեւ այն ջանքերը, որ այս տարիների ընթացքում Ռուսաստանը գործադրում է երկու հասարակությունների միջեւ վստահության միջոցառումներ սկսելու կամ ամրապնդելու ուղղությամբ»։

Ռուսական բոլոր լրատվամիջոցները, մի մասը` մանրամասնորեն, անդրադարձել են Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներման թեմային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG