Մատչելիության հղումներ

Հունգարիան նոտա է հղել Ադրբեջանին


Հունգարիա - Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի դատարանում, ապրիլ, 2006թ.

Հունգարիա - Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի դատարանում, ապրիլ, 2006թ.

Հունգարիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժոլտ Նեմետը կիրակի օրը հանդիպում է ունեցել Բուդապեշտում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւի հետ եւ նրան դիվանագիտական նոտա է փոխանցել Ռամիլ Սաֆարովի հարցով։

Ինչպես տեղեկացնում է հունգարական mno.hu ինտերնետային պարբերականը, Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, հայտարարել է, որ ցնցված է, անընդունելի է համարում եւ դատապարտում Սաֆարովին ներում շնորհելու՝ Ադրբեջանի քայլը, որը «հակասում է միջազգային իրավունքին եւ խիստ հակադրության մեջ է Ադրբեջանի արդարադատության նախարարության կողմից Հունգարիայի արդարադատության նախարարությանը հղված 2012 թվականի օգոստոսի 15-ի նամակով ամրագրված խոստման հետ»։

Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը խոստացել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովի նկատմամբ նրա էքստրադիցիայից հետո կոնկրետ պատժափաչ կիրառել կամ պայմանական ազատ արձակել միայն ազատազրկման առնվազն 25 տարին կրելուց հետո։

Պաշտոնական Բուդապեշտը ընդգծել է, որ Բաքվի նման պահվածքը չի համապատասխանում երկու երկրների միջեւ «վերջերս ի հայտ եկած վստահության մթնոլորտին, որը կարող էր համագործակցության մեկնարկի խոստումնալից պայման լինել»։

Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես մարդասպանը ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Նույն օրը Հայաստանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG