Մատչելիության հղումներ

Նալբանդյանը եւ միջնորդները քննարկեցին Սաֆարովի էքստրադիցիայի հարցը


Կիրակի օրը Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա - ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետեւանքներով:

Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ի չիք է դարձնում փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը, ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Երկուշաբթի օրը, նույնպես Փարիզում, նախատեսված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների հետ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG