Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ․ «Ադրբեջանի ղեկավարության մոտ եւս կա հիվանդագին հոգեվիճակ»


Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին մայորի զինվորական կոչում շնորհելու մասին տեղեկատվությունը։

«Ադրբեջանի ղեկավարության կողմից Ռամիլ Սաֆարովին տրված նման բարձրակարգ ընդունելությունը, կոչումներ շնորհելը, պաշտոններ տալը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարության մոտ եւս կա հիվանդագին հոգեվիճակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ - «Իսկ բանակի, մասնավորապես պաշտպանության նախարարի վերաբերմունքը նման սպային, հետաքրքիր մտքեր է առաջացնում այն առումով, որ ամբողջ աշխարհում ընդունված է համարել, որ սպաներն ունեն որոշակի պատվի վարքականոն, որոնք «ասպետական են»։ Սպան պիտի լինի բարձրակարգ արժեհամակարգով ապրող մարդ։ Շատ հետաքրքիր է Ադրբեջանի բանակի սպաները ինչ են քարոզում, եթե Ռամիլ Սաֆարովին՝ քնած մարդուն սպանող դաժան մարդասպանին, ինչպես ինքն էր հայտարարում մի ժամանակ՝ «շեղված» մարդասպանին, նման վերաբերմունքի են արժանացնում։ Սա պիտի որոշակի եզրակացությունների տեղիք տա նախեւառաջ արտասահմանյան այն երկրներին, որոնք ադրբեջանական բանակի սպաներին ընդունում են տարբեր դասընթացների»։

Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG