Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 1-ի մամուլ


Սեպտեմբերի 1-ի մամուլ

«Ժամանակ»-ը գրում է․ - «Հայաստանը պետք է որ արտգործնախարարություն ունենար, որը պետք է տեղեկացված լիներ, մշտապես հետևեր Սաֆարովին, նրա շուրջ անցուդարձին: Բայց, փաստորեն, ադրբեջացիները նրան տանում են տուն, իսկ Հայաստանի համապատասխան կառույցը նույնիսկ ձայն չի հանում այս ընթացքում: Մի քանի օր առաջ ԱԳՆ-ն տեղեկություններ էր տարածում այն մասին, թե ինչպես է նախարար Նալբանդյանը այցելություններ կատարել Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ, հանդիպումներ ունեցել այնտեղ կամ, այլ կերպ ասած, մի լավ հանգստացել խաղաղօվկիանոսյան ավազանում: Եվ սա ըստ էության այն ժամանակ, երբ ադրբեջանցիները աշխատում էին Հունգարիայի հետ Սաֆարովին ազատելու ուղղությամբ: Եվ այսքանից հետո ամենատրամաբանական քայլերից մեկը, որ պետք է կատարվի Հայաստանում, արտգործնախարարության ողջ կազմը աշխատանքից ազատելն է՝ նախարարից սկսած: Ինչո՞վ էր զբաղված Հայաստանի անվտանգության համակարգը, եթե, իհարկե, կա այդպիսի համակարգ ընդհանրապես, և այդ համակարգը ունա՞կ է, բացի սիրիահայերին արտաքսելուց, այլ՝ ավելի լուրջ հարցերում գործել լուրջ մակարդակով: Ընդհանրապես, այս կոնկրետ դեպքը բացահայտում է այն խայտառակ վիճակը, որ առկա է Հայաստանում՝ որպես պետություն: Սա ապտակ էր մեր պետությանը, ամոթալի ապտակ, երբ մենք չկարողացանք տեր կանգնել մեր սպանված հայրենակցի հիշատակին, իսկ ադրբեջանցիները տեր կանգնեցին ու ազատեցին իրենց մարդասպանին»:

Թեման շարունակում է «Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը․ - «Հայ հասարակությունն էլի սխալ հասցեատեր է ընտրել՝ բողոք, ցասում ընդդեմ Հունգարիայի, վերջինիս մեղադրում են անարդար ու ծախված լինելու մեջ, ինչեր ասես, որ երեկվա ընթացքում չի գրվել Հունգարիայի իշխանությունների հասցեին։ Ճիշտ այնպես, ինչպես կարդում էինք պատմության դասագրքերում արեւմտահայության ճակատագրի հետ կապված գրված տողերը՝ աշխարհն էլի անարդար գտնվեց, անտեսեց հայերին, աջակցեց թուրքերին, եւ այլն, եւ այսպես շարունակ։ Մինչդեռ, այսօր, այն պայմաններում, երբ Հայաստանն արդեն 20 տարի անկախ պետություն է, առնվազն զավեշտ է լսել նման բողոքներ՝ աշխարհից արդարություն պահանջող եւ աշխարհին անարդարության մեջ մեղադրող բովանդակությամբ։ Կան պետություններ, եւ կան քաղաքական շահեր, եւ պետություններն իրենք իրենց բոլոր՝ տեսանելի եւ անտեսանելի խողովակներն օգտագործում են իրենց շահերն առաջ տանելու համար։ Այս պարագայում, ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը կարողացել է այնպես անել, որ առաջ տանի իր շահը, եւ հետեւաբար, հասուն քաղաքացիների բողոքը պետք է ուղղված լինի ոչ թե Հունգարիայի դեմ, այլ առաջին հերթին արտաքին քաղաքականության մեջ նախաձեռնողականությունը որպես հիմք հռչակած իշխանություններին»։

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է․ - «Ալիեւյան ցինիզմն իր ժողովրդի ու Հարավային Կովկասի վրա թանկ է նստելու։ Այն առնվազն մի տասը տարով հետաձգելու է այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը։ Երեկ հայ հանրությունը փոթորկվել էր՝ մի մասը հայհոյում էր հունգարական իշխանություններին, մյուսները՝ ՀՀ իշխանություններին։ Անձամբ ես առավելապես «տպավորված եմ» Ադրբեջան պետության, նրա ղեկավարի, իշխանության, հասարակության մտածողությունից ու արարքից։ Եզրակացությունը մեկն է՝ ալիեւյան վարչախումբն ավելի վտանգավոր է, ավելի լկտի ու անամոթ, քան մինչ օրս կարող էինք ենթադրել։ Նաեւ միջազգային նորմերի, սկզբունքների ու հանրության վրա թքած ունի»։

«Առավոտ»-ի խմբագիրը Տիգրան Սարգսյանի գործունեության վրա է ուշադրություն հրավիրում․ - «Այնպես չէ, որ ներկայիս վարչապետը ինչ-որ մի լուսավոր կետ է համընդհանուր խավարում, մաֆիայի դեմ խիզախաբար պայքարող կոմիսար Կատանիան է: Սա այն դեպքը չէ, երբ հնարավոր է մնալ համակարգի մեջ՝ լինելով դրա ծպտյալ հակառակորդը: Վարչապետը պետք է ուղիղ, բաց տեքստով ասի, թե ով եւ ինչպես է նրան խանգարում երկիրը ծաղկեցնելու իր ծրագրերում եւ գնա, ինչպես ասում են, միայն սահմանադրական ճանապարհով՝ փորձի ստանալ պառլամենտի աջակցությունը: Եթե այդպես չի վարվում, ուրեմն ոչնչով չի տարբերվում իրեն իբր «խանգարող» օլիգարխներից: Պատկերացրեք, ասենք, 100 հազար դրամ աշխատավարձ ստացող մի տղամարդու, որն այդ գումարով փորձում է ընտանիք պահել: Նրա համար միեւնո՞ւյն չէ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը օլիգարխների բարեկա՞մն է, թե՞ թաքնված թշնամին: Նրան բացարձակապես չի հետաքրքրում նաեւ՝ վարչապետը կլինի մտավորականի հակումներ դրսեւորող մի անձնավորությո՞ւն, թե՞ վերջին համբալը, որը ճպճպացնում է խորովածը ծամելիս: Նրան ոչինչ չեն ասում նաեւ բարդ տնտեսագիտական վերլուծությունները: Այդ մարդու համար գոյություն ունի երկու տնտեսական չափանիշ՝ իր աշխատավարձը եւ ապրանքների ու ծառայությունների գները: Նա իրականությունը տեսնում է այդ բեկումով, եւ երբ այդ երկու չափանիշներն «իրար չեն բռնում», նա մեղադրում է իշխանությանը՝ իր ընդհանրության մեջ, կառավարությանը՝ առաջին հերթին: Հենց դա է պատճառը, որ վարչապետները ժամանակ առ ժամանակ դառնում են քավության նոխազ: Հրանտ Բագրատյանը դա կհաստատի»։

Անդրադառնալով այսօր նշվող Գիտելիքի օրվա խորհրդին՝ «Հայոց աշխարհ»-ը գրում է․ - «Մենք թույլ տվեցինք, որ մեր ուսուցչությունը կարիքավորի համարում ունենա, հետո թույլ տվեցինք, որ շուկայական հարաբերությունները ներծծվեն դպրոցի պատերի մեջ, զանազան դրամահավաքներով, աշակերտական տարիքից մեր երեխաների սորտավորմամբ, ծանոթով տնօրեններ դնելով, հաճախ՝ չգիտես թե ինչ ԽԾԲ-ական չափանիշներով՝ նոր դասատուների դպրոց ընդունելով։ Իսկ վերջին տարիներին էլ նետվել ենք դրամահավաքության ու ռեպետիտորության դեմ «սրբազան պատերազմի»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG