Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի դատապարտող հայտարարությունը հստակ մեսիջ էր Ադրբեջանի ղեկավարությանն առ այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկիրը չի հանդուրժելու Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությունը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով նախագահ Օբամայի արձագանքը, ասաց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա այստեղ էլ շատ կարեւոր է, որ Հունգարիայի կառավարությունը հասկանա, որ չի կարելի մարդասպանին հանձնել մի երկրի, որտեղ նրան հերոսացնում են», - հավելեց նա, - «Կարծում եմ, որ Ամերիկայի նախագահի գործունեությանը եւ նրա հայտարարությանը պետք է հետեւեն մի շարք այլ երկրների կամ կառույցների հստակ, խիստ գնահատականները»։

«Հնարավո՞ր է, որ Հայաստանն այս պայմաններում դուրս գա բանակցային գործընթացից»՝ մեր այս հարցին ի պատասխան ՀՀԿ խոսնակը նշեց, որ այս խնդրով պաշտոնական տեսակետ հայտնելու լիազորություն չունի, սակայն հավելեց․ - «Փաստը այն է, որ Ադրբեջանը ամեն ինչ արեց, որպեսզի երեւա, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը կառուցում է ժողովրդավարական, անկախ պտություն, իսկ Ադրբեջանում մարդասպաններին ազգային հերոսի կոչում են տալիս։ Սա խոսում է մի բանի մասին, որ Ադրբեջանը պետք է պատասխան տա ռասիստական պետություն կառուցելու համար»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ակնկալում է, որ առաջիկայում նման հայտարարություններով հանդես կգան նաեւ մյուս համանախագահ երկրները՝ Ֆրանսիան եւ Ռուսաստանը։

«Որովհետեւ եթե կա Լեռնային Ղարաբաղի խնդիր եւ կա բանակցային ֆորմատ, ապա, իհարկե, նման խայտառակ քայլը ուղղակիորեն ամենանեգատիվ ազդեցությունը կարող է ունենալ բանակցային գործընթացի վրա եւ հիմա արդեն հենց Հայաստանում լուրջ հասարակական շարժում է ձեւավորվում, որոնք Ազգային ժողովից պահանջում են օր առաջ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այսինքն, եթե մենք այդ քայլին չենք գնացել այն մոտիվացիայով, որ չվնասենք բանակցային գործընթացին եւ նաեւ հաշվի նստելով Մինսկի խմբի համանախագահների հորդորների, տեսակետների հետ, ապա նման աննախադեպ խայտառակ քայլը լրջագույն հարված կարող է լինել տարածաշրջանային խաղաղությանը եւ ընդհանրապես բանակցային գործընթացներին», - մեկնաբանեց ԲՀԿ ներկայացուցիչը։

Հարցը՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանն այս պայմաններում դուրս գա բանակցային գործըթնացից, ուղղեցինք նաեւ Նաիրա Զոհրաբյանին։

«Բանակցության այլընտրանքը պատերազմն է։ Պատերազմը չի բխում տարածաշրջանի շահերից, չի բխում որեւէ երկրի շահերից։ Այն, որ լրջագույն հետեւություններ պետք է արվեն, այն, որ լրջագույն քայլեր պիտի ձեռնարկվեն, այն, որ պիտի խստագույնս վերանայվի մեր արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքը եւ մեր դեպսանությունների աշխատանքը ընդհանրապես, սա՝ միանշանակ է։ Այսինքն, կոմպլեքս խնդիրների փաթեթ առաջացավ այս խնդրի հետ կապված, որոնք բացահայտեցին բազմաթիվ խոցեր, բազմաթիվ բացեր պետական կառավարման, պատկան գերատեսչությունների աշխատանքում, որոնք օպերատիվ վիրահատական լուծում են պահանջում։ Բայց ես կդժվարանամ հիմա պատասխանել որքանով շահեկան կլինի բանակցային գործըթնացից դուրս գալը», - պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը։

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այլեւս Ղարաբաղը ճանաչելու պահն է։ Օբամայի հայտարարության առնչությամբ Խուրշուդյանն ասաց․ - «Ես կարծում եմ, որ սա ընդամենը առաջին արձագանքն է, որովհետեւ այն գործընթացները, որ հիմա տեղի են ունենում նաեւ Եվրոպայում՝ նկատի ունեմ նաեւ արձագանքները այս իրադարձության կապակցությամբ, ենթադրությունների տեղիք են տալիս, գոնե ինձ, որ սա ձնագնդի պես մեծանալու է եւ Ադրբեջանն, իհարկե, մեծ սխալ գործեց եւ ամեն ինչ կարծես թե շուռ է գալիս հենց իր դեմ»։

«Ժառանգության» խոսնակը չի կարծում, թե այժմ բանակցային գործըթնացից Հայաստանի դուրս գալը ճիշտ կլիներ․ - «Առայժմ կուսակցությունում դա չի քննարկվել պաշտոնապես։ Բայց, համենայնդեպս, ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է եւ ճիշտ պահն է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու Հայաստանի Հանրապետության կողմից։ Սրանից ավելի կոպիտ առիթ Ադրբեջանը դժվար թե տար»։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտահայտած մտահոգությունը գնահատեց «իրավիճակին համարժեք»։

Բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալու նպատակահարմարության մասին հարցին ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը արձագանքեց․ - «Չեմ կարծում, որ բանակցային գործընթացից պետք է դուրս գալ»։

Այսօր հայտարարություն է տարածել նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, մասնավորապես նշելով․ - «Ուրիշներին մեղադրելը, ուրիշներից արդարություն հայցելը, հայտարարված միջազգային իրավունքի գործադրում պահանջելը թերեւս անհրաժեշտ, բայց մեծ հաշվով անհեռանկար զբաղմունք է»:

Հայաստանի նախագահի՝ օգոստոսի 31-ին կատարած գործողությունները համարելով «վճռական եւ սկզբունքային», ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, այդուհանդերձ, դրանք «ուշացած» է գնահատում, քանի որ «ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կորպուսը, տեղյակ լինելով հնարավոր զարգացումներից, անկարող է եղել կանխել դրանք»:

«Այդուամենայնիվ, անհրաժեշտ է պետականորեն ծրագրված հստակ քայլեր ձեռնարկել` այս պարտության հետեւանքները մեղմելու եւ միջազգային ասպարեզում կորցրածը ետ բերելու նպատակով», - նաեւ ասված է հաղորդագրությունում։

Անդրադառնալով բանակցությունների շարունակմանը՝ ՀՅԴ ղեկավար մարմինը հայտարարում է․ - «Պահանջում ենք վերատեսության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը եւ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործնական քայլ ձեռնարկել»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG