Մատչելիության հղումներ

Մայորի կոչում՝ Սաֆարովին


Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը մայորի զինվորական կոչում է շնորհել Ռամիլ Սաֆարովին։ Այդ մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունը։

Աբիեւը ընդունել է Սաֆարովին, շնորհավորել հայրենիք վերադառնալու եւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանանալու կապակցությամբ, շնորհել նրան մայորի կոչումը եւ «հաջողություններ մաղթել ռազմական ոլորտում հետագա գործունեության ընթացքում»։

Շաբաթ օրը ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ երկրի պաշտպանության նախարարությունը Սաֆարովին նվիրել է տուն եւ նրա ազատազրկման 8 տարիներին «հավաքված» աշխատավարձը։

2004 թվականին, երբ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ձերբակալվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար, ադրբեջանցի սպան լեյտենանտի կոչում ուներ։ Մարդասպանը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց դատավճիռը բողոքարկելու իրավունքի, սակայն երեկ Հունգարիայի կողմից էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան, նույն օրը ժամանեց Բաքու եւ ներում ստացավ իր երկրի նախագահի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG