Մատչելիության հղումներ

Հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում լույս են տեսել երկու ուշագրավ ժողովածուներ:

Առաջինը ընտրաքաղ է հայ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններից` թարգմանված գերմաներեն: Երկրորդ գիրքը նույնպես գերմաներեն է եւ ներկայացնում է ժամանակակից գերմանական պոեզիան:

Հայ ժամանակակից պոեզիան գերմաներեն ներկայացրել է Գերմանիայում բնակվող բանաստեղծ, թարգմանիչ, հայագետ Րաֆֆի Կանցյանը:

«Հայ ժամանակակից հեղինակները համարյա առանց բացառության թարգմանված են գերմաներեն լեզվով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ժողովածուի խմբագիր Սուրեն Աբրահամյանը: - «Ճանաչողական առումով դրական է: Նախընտրելի է, իհարկե, թարգմանության հետեւյալ տիպը, որ հեղինակները ներկայացվեն առանձին: Կարծում եմ, որ թարգմանիչները այդ հարցը նկատի ունեցած կլինեն»:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը այս երկու ժողովածուների լույս ընծայումը համարում է «գրական մեծ երեւույթ». - «Հայ-գերմանական գրական կապերի ամբողջ պատմության ընթացքում նման նախադեպ չի եղել»:

Անանյանը հավելեց, որ գերմաներեն թարգմանված շուրջ 40 հայ հեղինակների ստեղծագործությունները շուտով հրատարակվելու են նաեւ անգլերեն, ֆրանսերեն ու պարսկերեն. - «Պետբյուջեից այդ միջոցները հատկացվում են»:

Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը, ում ստեղծագործություններն էլ տեղ են գտել նոր հրատարակության մեջ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Կարեւորն այն է, որ այդ լեզվով քո գրչընկերները կարդում են»:
XS
SM
MD
LG