Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր քվեարկությամբ մերժեց քննարկման ընդունել երկու դիմումները, որոնք վերաբերում էին պատգամավորների վարքին։

Առաջին դիմումով քաղաքացի Արթուր Զադոյանն էր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել։

Հիշեցնենք, 2009-ին պատգամավորը վեճի ժամանակ կրակահերթ էր արձակել Զակոյանի ուղղությամբ։ Քրեական գործը կասեցված է։

Երկրորդ մերժված դիմումն էլ վերաբերում էր հանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովի եւ դաշնակցական Արծվիկ Մինասյանի հայտարարություններին DIY ակումբի պայթեցման վերաբերյալ։ «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը դժգոհել էր, որ պատգամավորները խտրական վերաբերմունք եւ ատելություն են քարոզում։

Էթիկայի հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանի հիմնավորմամբ՝ «երկու դեպքում էլ հանձնաժողովը համարել է, որ այդ հարցերը ենթակա չեն հանձնաժողովի քննարկմանը»։

«Բովանդակային հիմնավորումները եւս կներկայացվեն հանձնաժողովի որոշման մեջ, բայց հիմնական գաղափարը այն է, որ բոլոր այն արարքները, որոնք նկարագրվում են, տեղի են ունեցել մինչեւ համապատասխան օրենքի ընդունումը, իսկ օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ», - հավելեց էթիկայի հանձնաժողովի նախագահը։

Նիստը դռնփակ էր, եւ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց ներկայացնել կողմ եւ դեմ ձայների հարաբերակցությունը, միայն հաստատեց, որ ինքը դեմ է քվեարկել դիմումները վարույթ ընդունելուն: Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխանցեց, թե կողմ էր, որ երկու հարցերն էլ հանձնաժողովում ընդունվեին քննարկման. ընդդիմադիր պատգամավորը երկու դեպքում էլ հատուկ կարծիք է գրել, որոնք, ըստ հանձնաժողովի կանանոնակարգի, կցվելու են մերժումների հիմնավորումներին:

«Ինձ համար շատ ցավալի է, որ քաղաքացու առաջին իսկ դիմումը առանց քննարկման, ըստ էության, էթիկայի հանձնաժողովը մերժում է։ Ես կարծում եմ, որ սա ամենեւին էլ լավ նշան չէ էթիկայի հանձնաժողովի գործունեության առումով», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Դավիթ Հարությունյանը հակադարձում է՝ հանձնաժողովը իր գործունեությամբ դեռ կապացուցի, որ սա նախադեպ չէ։

«Հանձնաժողովի գործունեությունը չպետք է լինի արհեստական։ Հանձնաժողովը պետք է ընդունի այն որոշումները, որոնք համարում է ճիշտ, եւ դրանով է պայմանավորված այն, որ մենք ունենք շատ հավասարակշռված հանձնաժողով», - կարծիք հայտնեց Դավիթ Հարությունյանը։

Հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Զարուհի Փոստանջյանը փոխանցեց, որ կողմ է քվեարկել Կարո Կարապետյանին վերաբերող դիմումը վարույթ ընդունելուն, իսկ Արծվիկ Մինասյանի եւ Էդուարդ Շարմազանովի դեմ գրված բողոքը քննարկելուն Փոստանջյանը ձեռնպահ է քվեարկել:

Ի դեպ, քվեարկությունից առաջ Կարո Կարապետյանին հրավիրեցին ներս, նա վաղ առավոտից խորհրդարանի միջանցքում սպասում էր, մեր հարցերին հրաժարվեց պատասխանել, իսկ նիստին մի քանի րոպե մասնակցելուց հետո արագ հեռացավ:

Էթիկայի հանձնաժողովին ուղղված մյուս դիմումի հասցեատերից մեկը` դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նաեւ այս հանձնաժողովի անդամ է, հեռացավ նիստից, երբ հերթը հասավ իրեն եւ Էդուարդ Շարմազանովին վերաբերող դիմումին. այդպես հանձնաժողովի կանոնակարգն է պահանջում: Պատգամավորի խոսքով, խորը հիասթափության մեջ կարող են հայտնվել բոլոր նրանք, ովքեր կփորձեն իրեն մեղադրել Սահմանադրության եւ միջազգային նորմերի խախտման մեջ:

«Մեղադրել ինձ ու Շարմազանովին ատելության քարոզի մեջ, կամ ահաբեկչություն գործած անձանց հովանավորելու, քաջալերելու, կամ ֆաշիստական գաղափարները տարածելու մեջ առնվազն… պետք է լինեն այնքան անհանդուրժող եւ այնքան հասարակության շահը սեփական շահին ձգտող մարդիկ, ինչպիսին այս կազմակերպությունները եւ անձինք են: Եթե այս երեւույթը շատ խորանա, հնարավոր է, որ ես նաեւ այլ իրավական վարույթ սկսեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով», - ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, Մինասյանն իր կուսակից գործընկերոջ` Հրայր Կարապետյանի հետ միջնորդել էր, որպեսզի ակումբը պայթեցնող երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը չկիրառվի: Արծվիկ Մինասյանն ասաց հիմա էլ է պատրաստ նույնը անել: Նշենք, որ Արծվիկ Մինասյանը եւս դեմ էր քվեարկել Կարո Կարապետյանին վերաբերող դիմումը վարույթ ընդունելուն:

Էթիկայի հանձնաժողովը նոր դիմումներ չի ստացել, հաջորդը նիստում կանոնակարգային հարցեր են քննարկվելու: Հանձնաժողովն իրավասու չէ ինքը որեւէ հարցի շուրջ քննություն սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG