Մատչելիության հղումներ

Ռոմնին պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու


ԱՄՆ - Միթ Ռոմնին ելույթ է ունենում Հանրապետական կուսակցության համագումարում, Տամպա, Ֆլորիդա, 30-ը օգոստոսի, 2012թ.
ԱՄՆ - Միթ Ռոմնին ելույթ է ունենում Հանրապետական կուսակցության համագումարում, Տամպա, Ֆլորիդա, 30-ը օգոստոսի, 2012թ.
Միթ Ռոմնին այլեւս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածու է:

Անցած գիշեր Տամպայում` Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում Ռոմնին հազարավոր կողմնակիցների ներկայությամբ հայտարարեց. - «Ես ընդունում եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում առաջադրվելու ինձ արված առաջարկը»:

Հարկ է նշել, որ Միթ Ռոմնին հաղթելու բավական լուրջ շանսեր ունի: Gallup սոցիոլոգիական ծառայության վերջին հարցման համաձայն` գործող նախագահի եւ հանրապետական թեկնածուի շանսերը գրեթե հավասար են: Օբամայի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտորղների 47, իսկ Ռոմնիի օգտին` 46 տոկոսը:

Ամերիկացի սոցիոլոգների պնդմամբ` նախընտրական այս փուլում, երբ անցկացվում են կուսակցական համաժողովները, դեմոկրատ թեկնածուները վերջին անգամ նման ցածր վարկանիշ ունեցել են 20 տարի առաջ` 1992 թվականին։ Այն ժամանակ, սակայն, դա չխանգարեց Բիլ Քլինթոնին համոզիչ հաղթանակ տոնել Ջորջ Բուշ-ավագի նկատմամբ:

Միթ Ռոմնին կարծես համոզված է իր հաջողության մեջ: Նրա թիվ մեկ խոստումն էլ ամերիկացիների ճնշող մեծամասնության համար ավելի քան հասկանալի ու ընդունելի է։ «Ի՞նչ է անհրաժեշտ մեր երկին այսօր: Կառավարական հատուկ հանձնաժողով ստեղծելու, խորը եւ բարդ վերլուծություն անցկացնելու կարիք չկա այդ հարցի պատասխանը գտնելու համար: Ամերիկային աշխատատեղեր են հարկավոր, մեծ թվով աշխատատեղեր», - հայտարարում էր Ռոմնին:

Ելույթի զգալի մասը հանրապետական թեկնածուն նվիրեց Օբամայի ընտրազանգվածի հետ հեռակա երկխոսությանը։

«Այս երեկո ես ցանկանում եմ ձեզ մի շատ պարզ հարց ուղղել: Եթե դուք հուզմունքով լի էիք, երբ քվեարկում էիք Բարաք Օբամայի օգտին, արդյո՞ք դուք չպետք է նույն հուզմունքն զգաք այժմ, երբ նա նախագահ է: Գիտեք, թերեւս ինչ-որ բան սխալ է ձեր թեկնածուի աշխատանքի հետ, եթե նրան առնչվող լավագույն զգացմունքը կապված է այն օրվա հետ, երբ դուք քվեարկում էիք Օբամայի օգտին», - հեգնում էր Ռոմնին` միաժամանակ հայտարարելով, թե շատ կցանկանար, որ Բարաք Օբաման իր պաշտոնավարման տարիներին հաջողության հասներ:

«Ես կուզեի, որ Օբաման հաջողեր, քանի որ նրա հաջողությունը Ամերիկայի հաջողությունն էր լինելու», - նշում էր Ռոմնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG