Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 31-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ամենամեծ հանցանքը սեփական ազգի նկատմամբ նրան ընտրելու իրավունքից զրկելն է, անայլընտրանք «ընտրություն» առաջարկելը: Եվ եթե այդ հանցանքի համար պետք է պատասխան տան բոլոր այն հղփացած չինովնիկներն ու կուսակցական գործիչները, որոնք ճնշումների, սպառնալիքների եւ այլ ապօրինի եղանակներով ստիպում են մարդկանց չառաջադրվել կամ կեսճանապարհին հրաժարվել պայքարից, ապա պակաս մեղավոր չեն նաեւ նրանք, ովքեր առաջադրվում են, ապա վախկոտ նապաստակների նման կեսից հանում են իրենց թեկնածությունները: Դժվար է ասել` ճնշող-զավթողների խո՞ւմբն է ավելի վտանգավոր, թե՞ հարմարվողական վախկոտներինը: Ամեն դեպքում, մինչեւ այս երկու խմբից չազատվենք, ազատ ընտրության մասին երազելն անգամ ավելորդ է»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ զրուցել է արտասահմանում գտնվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու վերաբերյալ «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնության մասին: Մարտիրոսյանն ասում է. - «Սահմանադրության համաձայն, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի ընտրելու իրավունք։ Ինչո՞ւ դեսպանատների եւ հյուպատոսությունների աշխատողները, արտերկրում գրանցված ընկերությունների աշխատակիցները այնտեղ բացված ընտրատեղամասերում կամ էլեկտրոնային քվեարկության տարբերակով կարող են մասնակցել ընտրություններին, իսկ «շարքային» քաղաքացիները, որոնք այս կամ այն պատճառով գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, չեն կարող։ Այս մոտեցումն առնվազն անտրամաբանական է»։

«ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Կարինե Աճեմյանի հետ զրույցում հարցնում է. - «Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` Հայաստանում աղքատությունը 17 տոկոսից հասել է ավելի քան 36 տոկոսի, օր-օրի աճում է արտագաղթողների թիվը, երկրում ծայրահեղ ծանր սոցիալական վիճակ է: Ո՞վ է այդ ամենի պատասխանատուն»: Պատասխան. - «Գիտեք, երեւի մի փոքր չափազանցնում են թվերի հետ կապված` ե’ւ արտագաղթի, ե’ւ աղքատության մասով: Ճիշտ է, աղքատություն կա, մենք դա չենք հերքում, եւ, իհարկե, կառավարությունն ու իշխանությունն է պատասխանատու այդ բոլոր հարցերի լուծման համար, բայց գիտեք, նաեւ շատ մեծ աշխատանքներ են կատարվում: Եվ եթե դուք հետեւեք վերջին տնտեսական ցուցանիշներին, որոնք Ֆինանսների նախարարությունը հրապարակեց, եւ ընդհանրապես այդ բոլոր գործընթացներին, կհասկանաք, որ, այնուամենայնիվ, այդպիսի չափազանց ահռելի թվերի մասին չի կարելի խոսել: Իմ սեփական կարծիքով` բոլոր երկրներից մարդիկ արտագաղթում են, դա միայն մեր երկրի խնդիրը չէ»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Գյումրիի արդեն համարյա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, լավագույնս է բնորոշում Հայաստանի իշխանական համակարգն ու այնտեղ իշխող բարքերը: Խնդիրն այն չէ, որ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հետախուզում են հայտարարել, իրեն զրկել են թիկնազոր ունենալու իրավունքից եւ այլն: Խնդիրն այն է, որ բոլորն էլ հասկանում են, թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել պատժել Վարդան Ղուկասյանին. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա իրեն չի արդարացրել, եւ Գյումրիում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն է կրել: Բանն այն է, որ Հայաստանի իշխանական համակարգում այսպիսի չգրված օրենք է գործում` մարզպետներն ու քաղաքապետները ըստ էության «զոն նայողներ» են, եւ եթե կարողանում են ընտրությունների ժամանակ ապահովել շեֆի հաղթանակը իրենց «զոնում», ինչ ուզում անում են, եւ որեւէ մեկը նրանց քեֆին չի դիպչում»:

ՀՀ նախկին օմբուդսմեն, «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը «Առավոտ»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ փուլում է հանրային արդարության տրիբունալի ստեղծման գործընթացը, որի մասին երկու օր առաջ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները: Ալավերդյանն ասել է. - «Սկսում ենք քննարկումներ նաև «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նախաձեռնող խմբի երիտասարդ ներկայացուցիչների հետ: Պարզապես, մեխանիզմը դեռ չօգտագործված մեխանիզմ է, և մենք կարծում ենք, որ քննարկումները կշարունակվեն և բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ կարող ենք ֆորումի նման մի բան ստեղծել: Մեր համակարգը առանց այն էլ վտանգների ներքո է հայտնված և պետք է թույլ չտալ, որ լրիվ կրիմինալ գործառույթներ իրականացնող համախմբված անձանց համակարգի վերածվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG