Մատչելիության հղումներ

Նոր գրքում ներկայացվում է Բին Լադենի սպանության նոր վարկած


Մարկ Օուենի «Ոչ հեշտ օրը» գրքի կազմը
Մարկ Օուենի «Ոչ հեշտ օրը» գրքի կազմը

Այն էապես տարբերվում է պաշտոնականից, քանի որ, ըստ հեղինակի, «թիվ մեկ ահաբեկիչը» չի սպառնացել դեսանտայիններին։

2011 թվականի մայիսի 2-ին ամերիկյան լրատվամիջոցները տարածեցին սենսացիոն լուրն այն մասին, որ Միացյալ Նահանգների ծովային հետեւակի հատուկ խումբը Պակիստանում ոչնչացրել է «մոլորակի թիվ մեկ ահաբեկիչ», «Ալ-Ղաիդա» ընդհատակյա կառույցի հիմնադիր, «Սեպտեմբեր 11»-ի կազմակերպիչ Ուսամա Բին Լադենին։

Նախագահ Բարաք Օբաման հատուկ հեռուստաուղերձով դիմեց հայրենակիցներին եւ ասաց, որ ահաբեկիչը վնասազերծված է։

Ավելի ուշ հաղորդվեցին մանրամասներ այդ գործողության մասին. դեսանտայինները ուղղաթիռներով հասել են Աբոթաբադ, ներխուժել տուն, որտեղ 5 տարի թաքնվել է Բին Լադենը, վերջինս սկսել է դիմադրել, եւ զինծառայողներից մեկը մոտ տարածությունից գնդակահարել է ահաբեկչին։

Բին Լադենի դին տեղափոխել են նախ Աֆղանստան, ապա` նետել Պարսից ծոց։

Մինչդեռ, հաջորդ շաբաթ լույս կտեսնի «Ոչ հեշտ օրը» վերնագրով գիրքը, որը ներկայացնում է Բին Լադենի սպանության` պաշտոնականից տարբերվող վարկած։

Հեղինակի ծածկանունը Մարկ Օուեն է։ Զինվորական պաշտոնյաների փոխանցմամբ` հեղինակը 36-ամյա Մաթ Բիսոնեթն է։

Հեղինակը հավաստիացնում է, որ ինքը եղել է Բին Լադենին ոչնչացնելու գործողության մասնակիցներից, վճռական պահին կանգնած էր դեսանտայինների ղեկավարի թիկունքում։

Associated Press լրատվական գործակալության ռազմական թեմաների բաժնի խմբագիր-վերլուծաբան Քիմբերլի Դոզիերը «Ազատություն» ռադիոկայանին պատմել է գրքում ներկայացված վարկածի մասին։

«Հեղինակը գրում է, թե իրենք տեսել են Բին Լադենին միջանցքում, Բին Լադենն անմիջապես թաքնվել է ննջասենյակում, որտեղից խուլ կրակոց է լսվել, նրանք մտել են սենյակ եւ տեսել գլխից վիրավորված Բին Լադենին, նրա գալարվող, ցնցվող մարմնի մոտ ճչացող կանանց։ Եվ այդ ժամանակ դեսանտայինները կրակահերթեր են արձակել Բին Լադենի վրա` այնքան, մինչեւ նա անշարժացել է», - ասել է Քիմբերլի Դոզիերը, ավելացնելով, որ նկարագրվածը տարբերվում է պաշտոնական վարկածից։

Հիշատակված դրվագը թույլ է տալիս ենթադրել, որ հասկանալով, որ փրկություն չկա, Ուսամա Բին Լադենը փորձել է ինքնասպան լինել, կամ էլ ինչ-որ մեկը նրա վրա գնդակ է արձակել` գուցեեւ հենց Բին Լադենի հրամանով։

Գրքում ասվում է, որ ննջասենյակի դռան մոտ դեսանտայինները հայտնաբերել են Կալաշնիկովի ինքնաձիգ եւ Մակարովի ատրճանակ, ընդ որում երկու զենքն էլ` չլիցքավորված։

Ստացվում է, որ Բին Լադենը չէր սպառնում դեսանտայիններին, մինչդեռ պաշտոնական վարկածում ասվում էր, թե դեսանտայինները սպանել են «Ալ-Ղաիդա»-ի ղեկավարին, քանի որ նա պատասխան կրակ է բացել։

Զինվորականները, այնուամենայնիվ, պնդում են, որ ի սկզբանե գործողության նպատակն էր «կա՛մ գերեվարել, կա՛մ սպանել», այլ ոչ թե «միայն սպանել», սակայն վայրկյաններ տեւող գերլարված եւ անկանխատեսելի իրավիճակում նախընտրել են հենց երկրորդ տարբերակը։

Պենտագոնը հայտարարել է, թե չի պատրաստվում հերքել կամ հաստատել այդ գրքում նկարագրված տեղեկությունները։

Դեսանտայիններն իրենց չեն համարում Բարաք Օբամայի մեծ աջակիցներ, բայց հարգում են նրա գերագույն հրամանատար լինելը եւ արձակած հրամանները։

«Տղերք, հասկանում եք, չէ՞, որ մենք հենց նոր ապահովեցինք նրա վերընտրությունը», - գործողության ավարտից քիչ անց, ակնարկելով Օբամային, ասել է «Ուոլթ» մականունով դեսանտայինը։

«Ոչ հեշտ օրը» գիրքը դեռ վաճառքի չհանված` արդեն ճանաչվել է բեսթսելեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG