Մատչելիության հղումներ

Հայաստանում աննախադեպ զորավարժություններ կանցկացվեն


Հայաստանի զինված ուժերը հոկտեմբերին աննախադեպ զորավարժություն կանցկացնեն, որին մասնակցելու են նաեւ պահեստազորում ընդգրկված շարքային քաղաքացիները։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, զորավարժությունները տեւելու են մոտ մեկ շաբաթ։ Մասնակիցների թիվը կհասնի մի քանի հազարի։

«Մեծ զորավարժություն է լինելու։ Աննախադեպ այն առումով, որ մինչեւ այդ չենք ունեցել այդ մասշտաբի, որին մասնակցում է նաեւ պահեստազորը։ Պետք չէ պանիկայի տրվել, ինչ-որ ավելորդ խոսակցությունների․ դա պլանային զորավարժություն է լինելու», - պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ շարքային քաղաքացիների ներգրավումը զորավարժություններում որեւէ արտառոց բան չի նշանակում, ընդամենը փորձ է արվում բանակում պարբերաբար օգտագործել նաեւ այս ներուժը։

«Պահեստազորի մասնակցությունը վերջին տարիներին սկսում է մեծանալ։ Ի դեպ, պարբերաբար բողոքներ ենք ունենում այդ առումով, որ պահեստազորը առաջներում չի կանչվել, հիմա սկսվում է կանչվել, զորվարժություններին մասնակցել։ Եվ այդ առումով պետք է հասկանանք, որ սա մեզանում պետք է դառնա որոշակի մշակույթ, որովհետեւ մենք այնպիսի կարգավիճակում ենք, որ մեր պահեստազորը պիտի միշտ ակտիվ ներգրավվածություն ունենա զինված ուժերի պատրաստությանը համապատասխան կարգով»։

Զորավարժությանը կանչվելու են պահեստազորի բոլոր տարիքային խմբերից․ ծանուցագրեր կստանան ինչպես բանակից նոր զորացրված երիտասարդները, այնպես էլ նույնիսկ 50 տարեկանից բարձր տղամարդիկ։ Պահեստազորայինների ընտրությունը կատարվելու է՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով։

«Թե ինքը ինչ մասնագիտություն է կրում, թե տվյալ զորամասը, որի վրա ինքը կցագրված է, այդ զորամասը ներգրավված է արդյոք զորավարժություններին, թե չէ։ Մասնագիտությունները ամենատարբերն են։ Կարող է լինել խոհարարից մինչեւ նշանառու, տանկիստ, կամ օդաչու։ Ծանուցագիրը բոլորը հերթով կստանան», - հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։

Որոշ հասցեատերեր արդեն իսկ ստացել են ծանուցագրերը։ Նրանցից մեկն էլ «Հայացք» օրաթերթի գլխավոր խմբագիր, 53-ամյա Աշոտ Աղաբաբյանն է։ Աշոտ Աղաբաբայնն ասաց դեմ չէ, մասնակցելու է նաեւ որպես լրագրող, որպեսզի ներսից ծանոթանա իրավիճակին։

«Ես ներկայացա զինկոմիսարիատ, ասելով, որ չէի լսել, որ 53 տարեկանին զորահավաքի են հրավիրում։ Բայց ես պահեստային սպա եմ։ Ասացին, որ մինչեւ 58 տարեկանը իրավունք ունեն եւ ասացին, որ մինչ այդ կկանչենք, հոկտեմբերի 1-ից դուք զորահավաքի եք», - պատմեց Աղաբաբյանը։

Մինչեւ այս hամապետական զորավարժությունը Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերի կեսերին Հայաստանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման ստորաբաժանումների համատեղ զորավարժություններին: Առաջին զորախմբերը Հայաստան կժամանեն սեպտեմբերի առաջին օրերին, մասնակից երկրների վերջնական ցուցակը կհրապարակվի մի քանի օրից:

Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, Արմավիր քաղաքի հարեւանությամբ գտնվող Բաղրամյան ուսումնական կենտրոնում իր հարմարություններով եւ հնարավորություններով մեր իրականության համար մի աննախադեպ վրանային ավան է կառուցվել․ - «Ժամանակակից վրանային ավան է, որտեղ շատ լուրջ հնարավորություններ կան անգամ ձմեռային պայմաններում զորքերին պահելու ու մարզելու, սպորտային միջոցառումներ կազմակերպելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG