Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳՆ. «Հատուկ գործողության հիմնական փուլը ավարտված է»


Լոպոտայի կիրճում հատուկ գործողության հիմնական փուլը ավարտված է։ Այդ մասին այսօր Թելավիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շոթա Խիզանիշվիլին։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Խիզանիշվիլին պարզաբանել է, որ երեկ գործողությունը ավարտել չի հաջողվել մառախուղի պատճառով։

«Զոհված 11 զինյալների մարմինները հայտնաբերված են։ Նրանք կհուղարկավորվեն ըստ իրենց կրոնական օրենքների։ Նրանց մի մասը Ռուսաստանի քաղաքացիներ էին` Հյուսիսային Կովկասից», - ասել է փոխնախարարը` շարունակելով. - «Բնակչության անվտանգությունը ապահովված է, եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Զինված խմբավորման մի քանի վիրավոր անդամներ կարող են լինել անտառում, եւ ներկայումս անցկացվում է նրանց որոնման գործողություն»։

Վրաց իրավապահները երեկ հայտարարեցին, որ Ռուսաստանից Վրաստան է թափանցել դիվերսանտների խումբ, որը պատանդ է վերցրել քաղաքացիական անձանց` 2-3 մարդուց բաղկացած երեք խմբի։

Բոլոր պատանդները ներկայումս ազատության մեջ են, հատուկ գործողության ընթացքում սպանվել են զինյալներից 11-ը։ Զոհվել են նաեւ վրաց 3 հատուկ ջոկատայիններ, որոնցից մեկը, ըստ «Գրուզիա օնլայն»-ի, Վրաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ, սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն Արչիլ Չոխելին է. 41-ամյա Չոխելին ծառայում էր հատուկ նշանակության ջոկատում, մայոր էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG