Մատչելիության հղումներ

Օգոստոսի 30-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը չի մեկնել Թեհրան, որտեղ տեղի է ունենալու Չմիավորված երկրների շարժման գագաթնաժողովը: Այս քայլն, ըստ էության, ավելի շատ ոչ թե Թեհրանին, այլ Մոսկվային կարող է դուր չգալ, քանի որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերության առումով ամեն ինչ երեւի թե շատ ավելի պարզ է, եւ այստեղ Թեհրանը առանձնակի խանդի դրսեւորումներ շատ քիչ է ցույց տալիս` հասկանալով երեւի թե, որ տվյալ պարագայում Հայաստանը ոչ թե Իրանի հետ խնդիրներ ունենալու, այլ ընդամենը Արեւմուտքի հետ խնդիրներ չունենալու համար է հրաժարվում նախագահական մակարդակով Թեհրան մեկնելուց: Իսկ ահա Մոսկվան նման իրավիճակները, երբ Հայաստանը Արեւմուտքի համար է ինչ-որ բան անում, սովորաբար չի էլ փորձում «հասկանալ»: Եվ, ըստ երեւույթին, առաջիկայում մենք կարող ենք ականատես լինել Սերժ Սարգսյանի այս որոշման հարցում Մոսկվայի արձագանքին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ամեն անգամ նախագահական ընտրություններից առաջ նույն տաղտկալի խոսակցություններն են սկսվում ընդդիմության` միասնական թեկնածուով հանդես գալու անհրաժեշտության մասին, թեեւ ի սկզբանե բոլորի համար էլ հասկանալի է, որ Հայաստանում նման բան հնարավոր չէ։ Դա նույնն է, թե ամեն օր դիտես Շեքսպիրի «Օթելլոն»` միշտ հույս ունենալով, թե այս անգամ վերջին պահին Օթելլոն ու Դեզդեմոնան այնուամենայնիվ կբարիշեն, իսկ Յագոյի նկատմամբ քրեական գործ կհարուցվի ակնհայտ զրպարտության մեղադրանքով։ Նախագահական ընտրությունները էապես տարբերվում են խորհրդարանական ընտրություններից. այստեղ հնարավոր չէ ստանալ 40 տոկոս եւ բացարձակ հաղթանակ տոնել մեծամասնականի հաշվին: Այստեղ 40 տոկոսը Սերժ Սարգսյանի համար նշանակում է երկրորդ փուլ: Երկրորդ փուլն էլ նշանակում է համարյա երաշխավորված պարտություն: Իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ 40 տոկոսից ավելի ձայն հավաքել: Մյուս կողմից` ընդդիմադիր դաշտում չկա այնպիսի գործիչ, ով անվերապահորեն ընդունելի կլինի Սերժ Սարգսյանից «զզվող» 60 տոկոսի համար: Այսինքն` եթե ընդդիմության միասնական թեկնածուն լինի, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ, մեղա-մեղա, Տիգրան Կարապետիչը, դա չի նշանակում, որ այդ թեկնածուն հաստատ կստանա 60 տոկոս, որովհետեւ հասարակության 60 տոկոսը տանել չի կարողանում Սերժ Սարգսյանին: Բայց այդ մարդկանց շարքում քիչ չեն նրանք, ովքեր է’լ ավելի տանել չեն կարողանում տվյալ միասնական թեկնածուին»:

«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ հավանական թեկնածուները կարող են լինել Լեւոն Զուրաբյանը կամ Գագիկ Ջհանգիրյանը, ասել է. - «Մենք ունենք մեր թեկնածուն, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այլ կարծիքներ ՀԱԿ-ում չկան»: Լյուդմիլա Սարգսյանը հույս է հայտնել, որ մյուս քաղաքական ուժերը եւս կհասկանան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը լավագույնն է: «Բայց տարբեր քաղաքական ուժեր փորձում են տարբեր թեկնածուների անուններ առաջ բերել, որից ենթադրում եմ, որ նրանք դեռ չեն եկել այս կարծիքին», - ասել է նա:

«Հրապարակ»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Նա ասում է. - «Ես միշտ պնդել եմ, որ ԲՀԿ-ի հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, եւ ես իմ այս դիրքորոշումն արտահայտել եմ մշտապես` թե’ հանրահավաքներում, թե’ մամուլում: Բայց ես չեմ բացառում, որ եթե ընդդիմության իրական հատվածը չկարողանա այլընտրանք առաջարկել իշխանությանը, ապա այդ դեպքում, աշխատեցնելով փողի գործոնը եւ այլ գործոններ, հասարակությունը կարող է ԲՀԿ-ի թեկնածուին դիտել որպես իշխանության թեկնածուին հաղթելու ունակ թեկնածու եւ իր ինչ-որ մասով աջակցի նրան: Սա ասելով հանդերձ, ես հույս ունեմ, որ նախընտրական շրջանում ընդդիմության դաշտում եւ հասարակության մեջ տեղի կունենա համախմբում, ներկա վիճակը կզուլալվի, եւ կգտնվի իրական այլընտրանք, որովհետեւ հասարակության գիտակից հատվածը հասկանում է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ՀՀԿ-ի իրական այլընտրանքը, որ անձերի փոփոխությունը, եթե անգամ երեւակայենք, որ կարող է տեղի ունենալ, ոչինչ չի տա հասարակությանը»:

«Առավոտ»-ի հետ զրույցում ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Փակ շուկայի վերականգնման աշխատանքները համարում է կիսատ հաջողություն: «Տեսականորեն կարելի է ասել, որ շենքը փրկվեց, բայց էլի կիսատ քայլերով, վստահ չլինելով, որ 100 տոկոսանոց արդյունք կլինի, կիսատ հաջողություններ են, որովհետեւ պետական այն պաշտոնյաները , որոնք քաղաքը տասը տարի է այս վիճակին են հասցրել, դեռեւս ազատ կերպով գործունեություն են ծավալում թե՛ քաղաքապետարանում, թե՛ մշակույթի նախարարությունում», - ասել է Պետրոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG