Մատչելիության հղումներ

Հայաստանը հրաժարվում է մուտքի վիզա տրամադրել սիրիահայի ընտանիքին


Հայաստան -- Սիրիահայերը շարունակում են ժամանել «Զվարթնոց» օդանավակայան, արխիվ, 17-ը օգոստոսի, 2012թ․

Հայաստան -- Սիրիահայերը շարունակում են ժամանել «Զվարթնոց» օդանավակայան, արխիվ, 17-ը օգոստոսի, 2012թ․

Ժան Հենդյանի 9 հոգանոց ընտանիքն արդեն 3 օր գտնվում է «Զվարթնոց»-ի չեզոք գոտում։ Այսօր նրանք ստիպված են լինելու թռչել Թուրքիա։

Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմի հետեւանքով այդ երկրից Հայաստան եկած 9 հոգանոց ընտանիքն արդեն 3 օր գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում:

Սիրիայի 9 քաղաքացիներին` Լեյլա Միռոյին, նրա երկու դուստրերին եւ նրանց 5 երեխաներին Հայաստանի ոստիկանությունը մուտքի արտոնագիր չի հատկացրել՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատող որեւէ փաստաթուղթ չներկայացնելու համար:

Լեյլա Միռոն արաբ է, ով ամուսնացած է ազգությամբ հայի հետ։ Նրա երկու դուստրերը հայ են, բայց նրանց երեխաների հայրերը արաբ են: Ընտանիքի` Երեւանում գտնվող հարազատներից Էմմա Պողոսյանը վրդովված պատմում է, որ նրանք հազիվ հասցրել են Սիրիայից Թուրքիայով փախչել եւ գալ Հայաստան։

«Որովհետեւ իրենց քաղաքը սահմանակից է Թուրքիային եւ երեխային առեւանգել, հետ են բերել, իրենք ուղղակի մի քանի շոր վերցնելով փախել են, սահմանն անցել են դեպի Թուրքիա», - մեզ հետ զրույցում ասաց Էմմա Պողոսյանը, - «Ժան Հենդյանի կինն է՝ հայի կին է։ Իրենք ունեն 5 երեխա։ Իր 3 տղաները Հայաստանում են սովորում եւ ապրում ու հայկական անձնագրեր ունեն։ Բայց իր երկու աղջիկներին ասում են, թե իրենք հայ չեն։ Ինչպես կարող է այդպիսի բան լինի, եթե իրենց ազգանունը Հենդյան է»։

Ոստիկանությունը, սակայն, վկայակոչում է կառավարության այս տարվա ընդունած մի որոշում, որով օտարերկրյա քաղաքացի, ազգությամբ հայերը Հայաստանի սահմանի վրա մուտքի վիզա ստանալու համար պետք է դա հաստատող փաստաթուղթ ներկայացնեն։ Նման փաստաթուղթ կարող է լինել տվյալ երկրում գտնվող Հայաստանի դիվանագիտական կառույցի կողմից տրված փաստաթուղթը: Մինչդեռ, այս ընտանիքը ներկայացրել է միայն իրենց անձնագրերը:

«Մյուս փաստաթղթերը, այդ թվում Սիրիայում Հայաստանի դեսպանատան կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ նրանք հայ են, ուղարկվել է Հայաստանի կառավարություն», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Լելյա Միռոյի եւ Ժան Հենդյանի որդին` Մեսրոպ Հենդյանը, ով գտնվում է Գերմանիայում ու բողոքում ընտանիքի նկատմամբ Հայաստանի կառավարության ցուցաբերած վերաբերմունքից։

Մեսրոպ Հենդյանը նաեւ փոխանցեց, որ այս գիշեր ընտանիքը ստիպված հետ է թռչելու Թուրքիա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG