Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկեց Վենետիկի 69-րդ կինոփառատոնը


Իտալիա - Վենետիկում տեղադրվում են 69-րդ կինոփառատոնի լոգոյով վահանակները, 28-ը օգոստոսի, 2012թ.

Իտալիա - Վենետիկում տեղադրվում են 69-րդ կինոփառատոնի լոգոյով վահանակները, 28-ը օգոստոսի, 2012թ.

Հնդիկ ռեժիսոր Միրա Նաիրի «Արմատականը` սեփական կամքին հակառակ» ֆիլմով չորեքշաբթի երեկոյան բացվեց Վենետիկի 69-րդ կինոփառատոնը:

Պակիստանցի արձակագիր Մոհսին Համիդի համանուն գրքի հիման վրա նկարահանված այս ֆիլմը պատմում է Նյու Յորքում բնակվող պակիստանյան ծագմամբ բարեկեցիկ մի երիտասարդի մասին, որի կյանքն անդառնալիորեն փոխվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո:

Այս տարի Վենետիկի փառատոնի կազմակերպիչները մրցութային ծրագրում համեմատաբար քիչ թվով ֆիլմեր են ընդգրկել` ընդամենը 18-ը: Դրանց ճնշող մեծամասնությունը, սակայն, աշխարհահռչակ ռեժիսորների նկարահանած կինոնկարներ են:

Մրցութային ծրագրում, օրինակ, ընդգրկվել է ժամանակակից կորեական կինոյի ամենավառ ներկայացուցչի` Կիմ Կի Դուկի «Պյետան»: Ռեկետով զբաղվող հանցագործի մասին պատմող այս ֆիլմը, քննադատների համոզմամբ, հաղթելու ամենամեծ շանսեր ունեցող փառատոնի մասնակիցների թվում է:

Հեռավորարեւելյան կինոյի եւս մեկ առանցքային ներկայացուցիչ` ճապոնացի Տակեշի Կիտանոն, Վենետիկում այս տարի ներկայացնում է իր «Անօրինությունը» ֆիլմը։

69-րդ փառատոնում բավական լայնորեն ներկայացված է ամերիկյան կինեմատոգրաֆը. նշենք, թեկուզ, Տերենս Մալիկի «Դեպի հիացմունքը» կամ Բրայան դե Պալմայի «Կիրքը»։

Դե Պալմայի ֆիլմի հերոսուհիները մասնավոր ընկերությունում բարձր դիրք զբաղեցնող երկու երիտասարդ կանայք են, որոնք կատաղի պայքար են մղում իրենց անմիջական ղեկավարի բարեհաճությանն արժանանալու համար: Այդ պայքարում նրանք չեն խորշում անգամ ամենատգեղ եւ հանցագործ մեթոդներից:

Կնոջ եւ տղամարդու հարաբերություններին է նվիրված նաեւ ռուսաստանցի Կիրիլ Սերեբրեննիկովի «Դավաճանություն» ֆիլմը: «Այն կարելի է բնութագրել որպես ֆիլմ-աղետ` կնոջ եւ տղամարդու հնարավոր հարաբերությունների մասին», - նշել է կինոնկարի պրոդյուսերը:

Քննադատները, սակայն, խիստ կասկածում են, թե Սերեբրեննիկովը կկարողանա կրկնել մեկ այլ հայտնի ռուս ռեժիսորի` Անդրեյ Զվյագինցեւի հաջողությունը, որը 2003-ին իր «Վերադարձը» ֆիլմի համար Վենետիկում արժանացավ միանգամից հինգ մրցանակի` այդ թվում «Ոսկե առյուծի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG