Մատչելիության հղումներ

Հանրապետականները պաշտոնապես առաջադրեցին Միթ Ռոմնիի թեկնածությունը


ԱՄՆ -- Միթ Ռոմնին Հանրապետական կուսակցության համագումարում, Ֆլորիդա, 28-ը օգոստոսի, 2012թ․

ԱՄՆ -- Միթ Ռոմնին Հանրապետական կուսակցության համագումարում, Ֆլորիդա, 28-ը օգոստոսի, 2012թ․

Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի մրցակիցը կլինի Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին։ Նրա թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց Հանրապետականների համագումարում։

Համագումարում Ռոմնիի առաջադրումը ձեւական բնույթ ուներ։ Այն, որ նախկին նահանգապետի օգտին կքվեարկի համագումարին եկած պատվիրակների մեծամասնությունը, դեռ ամիսներ առաջ էր հայտնի։ Առաջադրման համար անհրաժեշտ 1144 ձայնի փոխարեն նախկին նահանգապետը 2061-ը հավաքեց։

Հանրապետականների համագումարը մեկնարկել է օգոստոսի 27-ից։ Նախագահի թեկնածուի առաջադրումից բացի համագումարում հաստատվեց կուսակցության պլատֆորմը։

Փաստաթուղը այսպես է վերնագրված՝ «Մենք հավատում ենք Ամերիկային»։

Ծրագրային ելույթը վստահվեց Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիին։ Նա «երկրի կառավարումը տապալելու համար» հերթական անգամ խիստ քննադատության է ենթարկեց դեմոկրատներին, հայտարարեց, թե Հանրապետականը նոր՝ թարմ գաղափարներով լի է, իսկ Ռոմնիի մասին ասաց, թե իրենց թեկնածուն «իսկական առաջնորդ» է։

«Ես հավատում եմ Ամերիկային ու նրա պատմությանը, սակայն կա միայն մեկ բան, որ այսօր պակասում է մեզ՝ առաջնորդությունը», - հայտարարեց Քրիստին։ - «Ժամանակն է վերջ դնել Օվալաձեւ աշխատասենյակում առաջնորդության պակասին եւ Սպիտակ տուն գործուղել իրական առաջնորդի։ Ամերիկան ունի Միթ Ռոմնիի եւ Փոլ Ռայանի կարիքը։ Մենք ունենք նրանց կարիքը հենց հիմա»։

Շատերի կարծիքով, երեկվա համագումարի ամենացայտուն եւ հիշվող պահերից մեկը Միթ Ռոմնիի տիկնոջ՝ Էննի ելույթն էր։

Ամերիկացի ընտրողը գիտի Ռոմնիին որպես հաջողակ բիզնեսմեն, ում կարողությունը ավելի քան 250 միլիոն դոլար է կազմում։ Բայց շատերը նրան մեղադրում են սառն անձնավորություն լինելու մեջ եւ ասում են, որ նա չի կարողանում շփվել ընտրողների հետ։

«Էնն Ռոմնին բարձրացավ բեմ քվեարկող պատվիրակների եւ ընդհանրապես Ամերիկայի համար բացահայտելու Ռոմնիի ավելի «մարդկային» կերպարը», - այսօր նկատել են ամերիկյան առաջատար պարբերականները։

Հանրապետականների համար ամենաքաղաքականացված՝ նախագահի թեկնածուի ընտրության օրը Էնն Ռոմնին բեմից առաջարկեց՝«չխոսել քաղաքականությունից, խոսել սիրո մասին»։ Նրա ելույթով ամերիկացի ընտրողի առաջ հառնեց Միթ Ռոմնիի կերպարը՝ որպես ամուսնու եւ ընտանիքի հոր։ Էնն Ռոմնին, մեջբերելով դրվագներ համատեղ կյանքից, ցույց տվեց, որ իրենց կյանքն այնքան էլ հարթ չի եղել, բայց իր ամուսինը պայքարել է դժվարությունների դեմ եւ հաղթահարել դրանք։

Ռոմնի զույգը 5 զավակ եւ 18 թոռ ունի։ Նրանք 43 տարի միասին են։

Էնն Ռոմնի ելույթը նաեւ քաղաքական էր, ասում են փորձագետները։

«Թույլ տվեք ասել յուրաքանչյուր ամերիկացու, ով խորհում է այն մասին, թե ով կարող է լինել մեր հաջորդ նախագահը. այս երկիրը ավելի բարեկեցիկ դարձնելու համար Միթ Ռոմնիից ավելի տքնաջան ոչ ոք չի աշխատի», - հայտարարեց նրա կինը, - «Այս մարդը չի ձախողի»։

Էնն Ռոմնիի ելույթից հետո կարծիքներ հնչեցին, որ Օբամայի հետ սպասվող քարոզաշավային պայքարում Ռոմնիի ամենաուժեղ կողմերից մեկը նրա կինը՝ հմայիչ Էննը կարող է դառնալ։

Հավելենք, որ Դեմոկրատական կուսակցությունը իր թեկնածուին՝ գործող նախագահ Բարաք Օբամային պաշտոնապես կառաջադրի հաջորդ շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG