Մատչելիության հղումներ

«Ժառանգության» նախաձեռնությունը «մեծ արձագանք» է գտել


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը նախաձեռնել է մի գործընթաց, որն արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կընձեռի դատական կարգով վերականգնել ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրենց իրավունքը:

2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները զրկվեցին քվեարկելու իրավունքից: Այժմ քվեարկություններին արտասահմանից էլեկտրոնային եղանակով մասնակցելու իրավունք ունեն ՀՀ այն քաղաքացիները միայն, ովքեր աշխատում են Հայաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում կամ Հայաստանում գրանցված ընկերությունների օտարերկրյա մասնաճյուղերում:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր նշեց, որ իրենց նախաձեռնության նպատակը դատական կարգով այդ մարդկանց սահմանադրական իրավունքը վերականգնել է: Այդ հնարավորությունից օգտվել ցանկացող քաղաքացիները պետք է ընդամենը հաշվառվեն արտերկրում գործող Հայաստանի հյուպատոսական ներկայացուցչություններում:

Փոստանջյանի խոսքով, այդ քաղաքացիների ներկայությունը դատական գործընթացներին պարտադիր չէ, նրանք անգամ ֆինանսական որեւէ պարտավորություն չեն ունենա, քանի որ հայաստանյան մի խումբ հայտնի իրավաբաններ պատրաստակամություն են հայտնել այդ քաղաքացիները հայցերը դատարան ներկայացնել անվճար հիմունքներով:

Ընդդիմադիր պատգամավորը փոխանցեց, որ արդեն իսկ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ արձագանքել են իրենց նախաձեռնությանը:

«Այդ մասին ես երեկ իմ ֆեյսբուքի էջում հայտարարություն տեղադրեցի: Եվ բավականին մեծ էին արձագանքները: Ողջունվում էր այդ նախաձեռնությունը, եւ մարդիկ պատրաստակամություն էին հայտնում աշխարհի տարբեր երկրներից, որ պատրաստ են դիմել դատական պաշտպանության եւ վերականգնել իրենց այդ իրավունքը», - նշեց Զարուհի Փոստանջյանը:

Նա նաեւ նշեց, որ այդ նախաձեռնությունը, բնականաբար, չի բխում Հայաստանի իշխանությունների շահերից, որովհետեւ, պատգամավորի փաստարկմամբ, վիճակագրությունը վկայում է, որ դրսում բնակվող ՀՀ քաղաքացիները մեծամասամբ դեմ են քվեարկում իշխանություններին: Օրինակ, 2003 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի մրցակից Ստեփան Դեմիրճյանը միայն Լոս Անջելեսում ստացել էր քվեների մոտ 90 տոկոսը: Քաղաքական գործիչների համոզմամբ, հենց սա էր պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը օրենսդրական փոփոխություններով զրկեց Հայաստանի քաղաքացիներին դրսում քվեարկելու իրավունքից:

Բացի այց, ըստ Փոստանջյանի, իշխանությունը մեկ այլ մտավախություն ունի. ՀՀ քաղաքացիների` դրսում քվեարկելու իրավունքի վերականգնումը նաեւ կկանխի Հայաստանից բացակայող հարյուր հազարավոր քաղաքացիների փոխարեն իշխանությունների կողմից իրականացվող ապօրինի քվեարկությունը:

«Իհարկե, սա իշխանությունների համար եթե վնասաբեր չլիներ, իշխանությունները չէին դիմի այդ քայլին, եւ մեր քաղաքացիների այդ իրավունքը չէր արգելվի: Մենք պայքարելու ենք, իշխանությունը փորձելու է մեր պայքարը ճնշել: Բայց, այնուամենայնիվ, վերջ ի վերջո իշխանությունը պետք է հանձնվի եւ վերականգնի այդ իրավունքը, որովհետեւ այդ իրավունքը մեզանից օտարվել է ապօրինի կերպով», - նշեց պատգամավորը:

Նրա փոխանցմամբ, եթե ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանները չբավարարեն հայցերը, ապա իրենք պատրաստվում են դիմել նաեւ Սահմանադրական դատարան` Ընտրական օրենսգրքում վերոհիշյալ արգելքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ մինչեւ 2013 թվականի նախագահական ընտրությունները բավարար ժամանակ կա այս գործընթացը իրականացնելու համար. - «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի ընտրելու եւ ընտրվելու: Ընտրվելու դեպքում, այո, կան օրենքում նախատեսված հոդվածներ, բայց ընտրելու դեպքում խտրականություն սահմանված չէ: Միայն սահմանաված է խտրականություն ընտրելու դեպքում դատապարտված քաղաքացիների համար: Սահմանափակումը դա է Սահմանադրության մեջ: Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին տարբեր պատճառներով կարող է գտնվել Հայաստանի Հանրապետությունից դուրս: Ժամանակակից աշխարհում այս դրույթից չօգտվելը ուղղակի տրամաբանությամբ որեւիցե կերպ չես կարող բացատրել»:

«Ժառանգություն»-ը այս հարցով դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

«Մեզ համար կարեւոր խնդիր է բարձրացված, եւ մենք լրջորեն քննարկում ենք Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը: Ընդհանուր պրակտիկան ե’ւ ներսում, ե’ւ դրսում ուսումնասիրելուց հետո մենք վերջնական կունենանք որոշում` կդիմե՞նք այդ հարցով Սահմանադրական դատարան, թե՞ ոչ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Անդրեասյանը:

Նախաձեռնությունը բուռն քննարկումներ է հարուցել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG