Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Հայաստանին 60 միլիոն եվրո է տրամադրում


Բելգիա - Եվահանձնաժողովի շենքը Բրյուսելում
Բելգիա - Եվահանձնաժողովի շենքը Բրյուսելում
Եվրամիությունը Հայաստանին 60 միլիոն եվրո կտրամադրի` երկրում դատաիրավական բարեփոխումների, տնտեսական համագործակցության եւ ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ համաձայնագրերի համար:

Եվրոպական հանձնաժողովը Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընդունել է 2012 թվականի համար Հայաստանի տարեկան գործողությունների ծրագիր, որ պետք է արագացնի երկրում դատաիրավական բարեփոխումները եւ ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, քաղաքական եւ տնտեսական ավելի խորը համագործակցության համար պարարտ հող ստեղծի:

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես են այդ գումարները բաշխվելու. - «60 միլիոնից 25 միլիոն եվրոն նախատեսվում է որպես բյուջետային ֆինանսական աջակցություն` ունենալով թիրախային ոլորտ խորը եւ համապարփակ [ազատ] առեւտրի [գոտու] բանակցությունների շրջանակներում ներգրավված ոլորտները: 20 միլիոն եվրոն ուղղվելու է արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն: Եվ մնացած 15 միլիոն եվրոն` CIB [ինստիտուցիոնալ ամրապնդման] գործիքի իրականացման համար»:

«Արդարադատության ոլորտում Եվրամիության նոր աջակցությունը ներառում է ազգային կարեւոր հաստատությունների համար վերապատրաստման հնարավորություններ, փորձագիտական խորհուրդներ, իրավաբանների, դատավորների եւ դատախազների դպրոցների հիմնում, ինչն իր վերջնական արդյունքում պետք է ստեղծի անկախ, թափանցիկ արդարադատություն, որը պետք է ծառայի հայ ժողովրդին», - ասված է Եվրամիության պաշտոնական կայքէջում:

Սա նշանակում է, որ Եվրամիության համար Հայաստանի հետ տնտեսական լուրջ համագործակցություն սկսելուց առաջ պարտադիր նախապայման է թափանցիկ իրավական համակարգ ու անկախ դատարաններ ունենալը:

Էկոնոմիկայի փոխնախարարի կարծիքով, այս տարվա ֆինանսական աջակցության չափը վկայում է, որ Հայաստանն արդեն նշանակալի հաջողություններ է արձանագրել Եվրամիության հետ համագործակցության ոլորտում. - «Եթե երկիրը բավարար չափով ընկալում է ինչի մասին է խոսքը եւ ցուցաբերում է բավարար պատրաստակամություն եւ ունակություն հետագա փուլերում է’լ ավելի կազմակերպված նմանատիպ գործընթացներ վարելու առումով, գումարները ունենում են աճման միտում»:

Նրա խոսքով, նախկինում այդ աջակցությունը կազմել է տարեկան 25 միլիոն եվրոյի սահմաններում. - «Ներկայում մենք խոսում ենք միջինը 55 միլիոն եվրո գումարի մասին, ինչը ինքնին ցուցանիշ է, որ կատարված աշխատանքը արդյունավետ է: Նմանատիպ դրական իրավիճակի վրա է Եվրոպական միությունը որոշում, որ գումարները պետք է ավելացվեն»:

Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների երկրորդ փուլը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կմեկնարկի այս տարվա հոկտեմբերի սկզբին: Գարեգին Մելքոնյանի խոսքով, 2014-2020 թվականների համար կարելի կլինի ակնկալել շատ ավելի մեծ ծավալի աջակցություն, սակայն դրա դիմաց Եվրամիությունը Հայաստանից պահանջելու է լուրջ դատաիրավական բարեփոխումներ իրականացնել եւ քաղաքական կայուն մթնոլորտ ապահովել:

Հարավային Կովկասից Արեւելյան գործընկերության մեկ այլ երկրի` Վրաստանին նույնպես Եվրամիությունը 60 միլիոն եվրո կտրամադրի, որը գյուղատնտեսության արդիականացմանն ու սննդի անվտանգությանն է ուղղված լինելու:

Ադրբեջանը Եվրամիությունից ավելի քիչ ֆինանսական աջակցություն կստանա, քանի որ այդ երկիրը, ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, ԵՄ-ի հետ դեռ չի սկսել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, եւ Ադրբեջանին տրամադրվող 19.5 միլիոն եվրոն կուղղվի արդարադատության եւ միգրացիայի ոլորտներին:

please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG