Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետի պնդմամբ, չարտոնագրված ծրագրային ապահովման խնդիրը «անտեսվում է»


Հայաստան -- Համակարգչային լսարան Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում, Երեւան, 13-ը ապրիլի, 2012թ․

Հայաստան -- Համակարգչային լսարան Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում, Երեւան, 13-ը ապրիլի, 2012թ․

Աշխարհում չարտոնագրված ծրագրային ապահովման օգտագործման վերաբերյալ պարբերական զեկույցների հրապարակմամբ հայտնի Business Software Alliance (BSA) կազմակերպության ներկայացուցչի գնահատմամբ, Հայաստանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում համակարգչահենության դեմ պայքարելու համար։

BSA-ի վերջին զեկույցի համաձայն, Հայաստանում անձնական համակարգիչների 88 տոկոսն աշխատում է չարտոնագրված ծրագրային ապահովմամբ։ Վերջին հինգ տարիների ընթացքում, ըստ զեկույցի, չարտոնագրված (պիրատային) ծրագրային ապահովման օգտագործման ցուցանիշը նվազել է 5 տոկոսով։

Այդուհանդերձ, Հայաստանում BSA-ի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը նշում է, որ խնդիրը հաճախ անտեսվում է մեզանում, այդ իսկ պատճառով ծրագրային ապահովման ոլորտի հսկա «Մայքրոսոֆթ» ընկերությունը նախազգուշացնող քայլերից որոշել է անցնել ավելի լուրջ քայլերի. հարուցվել է առաջին դատական գործը՝ «Բրաբիոն ֆլորա սերվիս» ընկերության նկատմամբ։ Նարինե Մկրտչյանը դատարանում հանդես է գալիս որպես «Մայքրոսոֆթ» կորպորացիայի ներկայացուցիչ։

Փորձագետի խոսքով, «Բրաբիոն»-ի 11 համակարգիչներ աշխատել են չարտոնագրված ծրագրերով եւ ընկերությունը հրաժարվել է վճարել Microsoft ընկերության պահանջած 2 միլիոն 422 հազար դրամ տուգանքը՝ պատճառաբանելով, թե խախտումները բացահայտելուց հետո գնել է ծրագրերը:

«Մենք փորձեցինք բացատրել, որ նախորդ տարիներին դուք ունեցել եք բավարար հիմքեր գիտակցելու համար, որ խախտում եք մեր իրավունքը եւ պարտավոր եք հատուցել», - ասում է Նարինե Մկրտչյանը։

Գործը ընթացքի մեջ է, սակայն BSA-ի ներկայացուցիչը չի ցանկանում կենտրոնանալ հենց այս առանձին դեպքի վրա` նշելով, որ թեեւ այսօր ուշադրության կենտրոնում է մասնավոր սեկտորում առկա համակարգչահենությունը, սա չի նշանակում, որ խնդիրը միայն այստեղ է։

«Կառավարությունը, եթե չասեմ 90, ապա 80 տոկոս հենական ծրագրեր են օգտագործում», - ասում է Նարինե Մկրտչյանը, - «Մասնավոր ընկերությունների շատ տնօրեններ, իրավախախտումների դեպքերը բացահայտելու ընթացքում ասում են՝ մեր Կառավարությունը թող սկսի օրինականացումը, օրինակ լինի, եւ մենք նույնպես կանենք դա»։

Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող Մտավոր սեփականության գործակալության տնօրենի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը կասկածի տակ է դնում BSA-ի փորձագետի հրապարակած տվյալները։ Չհերքելով, այն, որ որոշ դեպքերում Կառավարությունում չարտոնագրված ծրագրեր կիրառվում են, նա նշեց, որ իրավատերերը շատ հաճախ միայն բողոքում են:

«Կան բոլոր իրավական նորմերը եւ կառույցները, որոնք կոչված են օժանդակելու», - նշեց Անդրանիկ Խաչիկյանը՝ հավելելով․ - «Եթե իրավատերերը միայն բավարարվում են նրանով, որ հայտարարում են՝ մեր իրավունքները խախտվում են։ Տվեք ապացույցներ, դիմեք համապատասխան մարմիններին եւ հարցերը կկարգավորվեն, ինչո՞ւ չի արվում»։

Հավելենք, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրներում էլ համակարգչահենությունը տարածված է։ Մասնավորապես, Վրաստանում, BSA-ի վերջին զեկույցի համաձայն, չարտոնագրված ծրագրային ապահովմամբ է աշխատում համակարգիչների 91 տոկոսը, Ադրբեջանում՝ 87 տոկոսը, եւ սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում այս ցուցանիշը չի անցնում 42 տոկոսից։

XS
SM
MD
LG