Մատչելիության հղումներ

Լոնդոնում մեկնարկում են Պարալիմպիկ խաղերը


Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի, մարզուհիներ Գրետա Վարդանյանի (ձախից) եւ Մարգարիտա Հովակիմյանի ասուլիսը Երեւանում, 21-ը օգոստոսի, 2012թ.

Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի, մարզուհիներ Գրետա Վարդանյանի (ձախից) եւ Մարգարիտա Հովակիմյանի ասուլիսը Երեւանում, 21-ը օգոստոսի, 2012թ.

Հեռուստաընկերությունները կապահովեն ամենաընդարձակ լուսաբանումն այդ խաղերի պատմության ընթացքում։

Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի կունենա 2012 թվականի Պարալիմպիկ խաղերի հանդիսավոր բացումը։

Սահմանափակ շարժունակությամբ մարդկանց 14-րդ մրցումներին Հայաստանից ներկա կլինի երկու մարզիկ` Գրետա Վարդանյանը կպայքարի ծանրամարտի 48 կիլոգրամ քաշային կարգում, իսկ Մարգարիտա Հովակիմյանը` 100 մետր բրաս լողաոճում։

Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը օգոստոսի 21-ին ասել է, որ հայ մարզիկները լավ են նախապատրաստվել Օլիմպիադային։

Գրետա Վարդանյանը հարթակ դուրս կգա սեպտեմբերի 1-ին, իսկ Մարգարիտա Հովակիմյանի ելույթը նախատեսված է սեպտեմբերի
5-ին։ Մարգարիտան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մեծ ոգեւորությամբ է մեկնում Լոնդոն։

«Չեմ վախենում եւ կփորձեմ ամեն ինչ անել, որ գոնե իմ եւ իմ մարզիչի համար արդյունքը լավը լինի», - նշել է լողորդը։

Ամառային եւ ձմեռային օլիմպիական բոլոր տեսակի մրցումներին լավ պատրաստվելու համար պետությունները եւ մասնավոր ընկերությունները հսկայական գումարներ են ծախսում, ինչի մասին է վկայում մարզական գերտերությունների փորձը եւ վաստակած մեդալների քանակն ու որակը։

Հայաստանը այս մրցումներին իր մարզիկների մարզումների եւ ելույթների համար հատկացրել է 5 միլիոն 800 հազար դրամ (շուրջ 12.5 հազար դոլար)։

14-րդ Պարալիմպիկ խաղերին մասնակցում է ավելի քան 4 հազար 200 մարզիկ 166 երկրներից։

Պարալիմպիկ առաջին մրցումները տեղի են ունեցել 1948 թվականին Լոնդոնում, դրանց մասնակցել են Երկրորդ աշխարհամարտում ողնաշարի վնասվածքի հետեւանքով հաշմանդամ դարձած բրիտանացի զինծառայողները։

1952 թվականին այդ խաղերին են միացել նաեւ հոլանդացիները, եւ դրանք դարձել են միջազգային։

Իսկ առաջին պաշտոնական Պարալիմպիկ խաղերը տեղի են ունեցել 1960 թվականի Հռոմի ամառային Օլիմպիադայի օրերին։

Պարալիմպիկ միջազգային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Քրեյվենի փոխանցմամբ, ավելի քան 100 երկրների` այդ թվում Իրանի, Մոնղոլիայի եւ Պակիստանի հեռուստաընկերությունները ցուցադրելու են Օլիմպիադան, ինչը կդառնա ամենաընդարձակ լուսաբանումը այդ մրցումների պատմության ընթացքում։

Հայաստանի հեռուստակայանների ծրագրերում Լոնդոնի Պարալիմպիկ խաղերի ցուցադրում նախատեսված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG