Մատչելիության հղումներ

logo-print

Հաշմանդամ երեխաների ծնողները տուգանվում են մեքենան սխալ վայրում կայանելու համար


Մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գտնվող գրախանութի մոտ մեքենան կայանելու համար Լիլյա Կարապետյանը տուգանվել էր 10 հազար դրամով` մեքենան սխալ տեղում կայանելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ ընդունում է, որ խախտել է օրենքը, քանի որ այնտեղ չկար մեքենան կայանելու նշան, սակայն հաճախ է ստիպված լինում իրեն անհրաժեշտ վայրերին մոտ կանգնեցնել մեքենան, քանի որ դուստրը՝ Անին, տեղաշարժման խնդիր ունի եւ նրա համար դժվար է ոտքով ճանապարհ անցնել:

«Համարում եմ, որ ինքնուրույն ապագա ունենալու համար իմ աղջիկը պետք է անձամբ մասնակցի իրեն վերաբերող բոլոր հարցերի լուծմանը, ինքը պետք է ընտրի իր գրքերը, տետրերը, հագուստը եւ այլն, այդ պատճառով միշտ նրան տանում եմ, որպեսզի ինքն ընտրի իր ցանկացածը», - ասաց նա:

Մայրը պատմեց, որ Անին շատ է ցանկանում մասնակցել քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին, բայց քանի որ երկար քայլելը նրա համար դժվար է, ծնողները հաճախ տուգանվում են մեքենան սխալ վայրերում կանգնեցնելու համար:

«Երբ բացատրում եմ ոստիկաններին, նրանք ասում են, որ հասկանում են իմ իրավիճակը, սակայն ասում են, որ օրենքով այդպես է նախատեսված», - նշեց մայրը:

Ըստ կառավարության որոշման` տրանսպորտային միջոցների օգտագործման համար արտոնություններ նախատեսող նշանների ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամները կամ փոխադրում են նման հաշմանդամների: Պարզ ասած, ըստ որոշման, մեքենան կայանելու արտոնությունները տրվում են միայն 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին կամ նրանց փոխադրողներին, հաշմանդամ երեխաների ծնողներին արտոնություններ չեն տրվում:

Մայրաքաղաքի որոշ կայանատեղիներում կան նշագրումներ, ըստ որոնց այդտեղ մեքենան կարող են կայանել հաշմանդամները, դրանք բավականին մոտ են որոշ հիմնարկների մուտքերին, սակայն, Կարապետյանի խոսքով, դրանք շատ չեն:

«Օպերայում համերգ գնալու համար ես մեքենան կանգնեցնում եմ Բաղրամյան կամ Սարյան փողոցներում, հետո ոտքով հասնում Օպերա», - ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպան Հայկ Աբգարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դիմել են վարչապետին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու գրությամբ:

«Որոշվել է, որ «հաշմանդամ երեխաներին» նույնպես ընդգրկեն հաշմանդամ անձանց այն խմբի մեջ, ովքեր օգտվում են տրանսպորտային երթեւեկության արտոնություններից», - նշեց Աբգարյանը:

Կառավարության ներկա որոշման մեջ փոփոխությունները կատարելու հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստերի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG