Մատչելիության հղումներ

«Օրանժ»-ը պատրաստ է շարունակել ներդրումները Հայաստանում


Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է «Օրանժ-Ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահ Բընուա Շինի գլխավորած պատվիրակությանը:

«2009 թվականին մենք հնարավորություն ընձեռեցինք «Օրանժ»-ին մուտք գործել հայկական շուկա: Այսօր կարող ենք արձանագրել, որ կառավարության այդ որոշումն իրեն լիովին արդարացրել է, որովհետեւ ունեցանք նոր ընկերություն, որը տեղեկատվական հաղորդակցության դաշտում ավելացրեց մրցակցությունը, բարձրացրեց մատուցվող ծառայությունների որակը եւ դրանց հասանելիության աստիճանը, ինչից, բնականաբար, շահեցին մեր քաղաքացիները», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասել է Տիգրան Սարգսյանը:

Բընուա Շինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` ցուցաբերվող աջակցության համար, եւ ասել, որ «Օրանժ»-ը պատրաստակամ է հետագայում եւս շարունակել ներդրումները Հայաստանում, ինչպես նաեւ ավելացնել մատուցվող բարձր մակարդակի ծառայությունների քանակը։ Վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել ֆրանսիական ընկերությանը հետագա ծրագրերի իրականացման գործում:

Այնուհետեւ Բընուա Շինը Տիգրան Սարգսյանին է ներկայացրել «Օրանժ-Արմենիա» ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիտբերին, ով այդ պաշտոնում փոխարինելու է իր գործունեությունն ավարտող Բրունո Դյութուային:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի ողջ տարածքում ինտերնետային կապի զարգացմանը, բջջային հեռախոսներում հայերեն ստեղնաշարերի ներդրման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG