Մատչելիության հղումներ

Նոր օրենքը «աշխատավարձերի նվազեցում չի նախատեսում»


2013 թվականից ուժի մեջ մտնող «Եկամտահարկի մասին» օրենքը աշխատավարձերի նվազեցում չի նախատեսում, հավաստիացնում են ոլորտի պաշտոնյաները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսների նախարարները երեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարեցին, որ օրենքը կենսաթոշակային համակարգում կատարվող բարեփոխումների մի մասն է: Նոր օրենքով նախատեսվում է, որ բարձրանալու է եկամտահարկը, բայց վերանալու են աշխատողի եւ գործատուի կողմից առանձին վճարվող սոցվճարները:

Այսինքն այս ծրագրով նախատեսվում է, որ պետությանը հարկերը վճարելը ավելի դյուրին կդառնա: Այն մտահոգությունը, թե այս օրենքով նախատեսվում է, որ եկամտահարկը պետք է վճարի աշխատակիցը իր աշխատավարձից, ըստ նախարարների, սխալ է:

Որպեսզի ներկայիս աշխատավարձի չափերը չփոփոխվեն, «Եկամտահարկի մասին» նոր օրենքով 2013 թվականից նախկինում գործատուի կողմից պետությանը վճարվող սոցվճարը կգումարվի աշխատակցի աշխատավարձին, իսկ հետո էլ կգանձվի եկամտահարկը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով` արդյունքում աշխատակիցը աշխատավարձի փոփոխություն չի զգա:

«2013 թվականի հունվար ամսին աշխատողը չպետք է պակաս եկամուտ ստանա, քան ստանում էր 2012 թվականի դեկտեմբերին, դա օրենքով ամրագրված է», - ասաց Ասատրյանը:

Նախարարները անդրադարձան նաեւ ստվերային աշխատավարձին, երբ որոշ գործատուներ պետությանը ներկայացնում են իրենց կողմից վճարվող աշխատավարձերի ընդամենը մի մասը, մինչդեռ իրականում աշխատակիցը ստանում է լրիվ այլ աշխատավարձ: Այս դեպքում հնարավոր է, որ նոր օրենքից օգտվելով` շատ գործատուներ եկամտահարկը թողնեն աշխատակիցների ուսերին, իսկ փաստաթղթերով շարունակեն աշխատողին վճարել պետությանը ներկայացվող աշխատավարձի չափը: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան ասաց` նման խնդիրների չհանդիպելու համար կարեւոր է, որպեսզի աշխատակիցը պահանջի, որ պայմանագրում նշվի իր աշխատավարձի իրական չափը:

«Եթե մինչեւ հիմա միայն պետությանն էր հետաքրքիր, որ այդ գումարը ճիշտ լինի, որպեսզի հարկերը լինեն, եւ շատ աշխատակիցները մտածում էին, որ կարեւորը այն գումարն է, որ ես ստանում եմ, կարող է ստանամ 120 հազար, 80 հազար գրվի, կամ ընդհանրապես չգրվի, հիմա ինքը արդեն գիտի, որ դա ոչ թե գնալու է ընդհանուր ֆոնդ, այլ գնալու է անձամբ իր կուտակային հաշվին, եւ այդ կուտակային հաշվի վրա այն եկամուտներն են, որից ապագայում ինքը ստանալու է կենսաթոշակ», - ասաց Գաբրիելյանը:

Կենսաթոշակային համակարգում կատարվող բարեփոխումների արդյունքում 2014 թվականից կգործի պարտադիր կենսաթոշակային կուտակային վճարը, երբ յուրաքանչյուր աշխատող բացի եկամտահարկից պետք է նաեւ իր ամսական աշխատավարձի 5 տոկոսը ուղղի կենսաթոշակային հիմնադրամ:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք 2014 թվականից բոլորի աշխատավարձերը 5 տոկոսով կնվազե՞ն, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, պատասխանեց. - «Այդ գումարը ոչ իմ, ոչ էլ պետության գումարն է, այդ գումարը աշխատողի գումարն է, որը գնալու է նրա սեփական հաշվին: Աշխատողը իր եկամտուտից փոխանցում է հինգ տոկոս, պետությունը հինգ տոկոս էլ տալիս է նրան: Փաստացի մարդու աշխատավարձից նրա հաշվին փող է գնում», - ասաց նախարարը:

please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG