Մատչելիության հղումներ

Օգոստոսի 28-ի մամուլ


Անդրադառնալով «Հարսնաքար»-ի գործով անցկացված քննությանը` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մեր իրավապահները մի շատ հետաքրքիր սովորություն ունեն՝ նրանք սիրում են մարդկանց դեմ մեղադրանքներ առաջադրել, իսկ այնուհետեւ դատել նրանց, այսպես ասած, «փաթեթով»՝ մեղադրանքի միեւնույն տեքստը կիրառելով մի քանի հոգու համար: Դա նկատելի էր, օրինակ, «Մարտի 1»-ի գործերում. մեղադրյալի աթոռին նստած էին, ասենք, 7 հոգի, եւ նրանք, իբր, կազմակերպել էին զանգվածային անկարգությունները: Կարծես թե նրանք սիամական երկվորյակներ էին եւ նույն պահին կատարել են միեւնույն գործողությունները: Նույն «չափաբաժինները» նկատվում են «Հարսնաքարի» գործով: Վեց հոգի մեղադրվում են «մահվան հետեւանքով անզգույշ ծեծի» մեջ (այդպիսի նուրբ եւ քնքուշ ձեւակերպում է ընտրված՝ սպանությունը քողարկելու համար), եւ մասնավորեցված չէ, թե ով ինչ է արել՝ մի՞թե նրանք հավասարապես հարվածներ են հասցրել բոլոր տուժածներին, եւ այդ հարվածներից որո՞նք էին մահացու Վահե Ավետյանի համար: Եթե նախորդ դեպքում քննությունը ենթադրում էր «կոլեկտիվ պատասխանատվություն», ապա այստեղ նպատակը հակառակն է՝ «կոլեկտիվ անպատասխանատվությունը»: Ո՞ւմ գաղափարն էր ռեստորանի այցելուներին ծեծելը, ո՞վ էր սադրողը, «շիրա տվողը», ով որ չափով էր հանցագործությունն իրականացրել: Ի՞նչ են նշանակում՝ «սա մեռավ, էլ մի՛ խփեք» բառերը: Այդ հարցերի պատասխանները նախաքննությունը չտվեց, վախենամ՝ չի տա նաեւ դատարանը»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ: «Չե՞ք կարծում, որ մեկ-երկու բացառություններով, քաղաքական ուժերը չեն էլ ուզում մրցակցել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու համար» հարցին Սահակյանը պատասխանել է. - «Ակնհայտ է, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են մասնակցում ՏԻՄ ընտրություններին: Ցավալի է, որ այս ուժերը միայն մայրաքաղաքում են գեներացնում իրենց քաղաքական պոտենցիալը: Մինչդեռ համապետական ընտրություններում քիչ թե շատ հաջողության հասնելու համար այդ ուժերը պետք է նախ կարողանան գործունյա վիճակում պահել գոնե իրենց ակտիվը: ՏԻՄ ընտրություններին Հանրապետականը մասնակցում է նաեւ այդ, ոչ թե անպայման հաղթելու նպատակով: Իսկ եթե քաղաքական ուժը չի մասնակցում մրցակցությանը, պայքարին, հետո արդեն ամպագոռգոռ հայտարարություններն ու միտինգային ելույթները լուրջ չեն հնչում: Մենք պարտվելու բարդույթ չունենք եւ տեղական կառույցներին լիարժեք գործելու հնարավորություն ենք ընձեռնում»:

Նույն թեման, սակայն հակառակ դիրքերից, արծարծում է նաեւ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը. - «Վերջին շրջանում իշխանական քարոզչամեքենան պարբերաբար անդրադառնում է այն թեմային, թե ինչու Հայ ազգային կոնգրեսը հնարավորինս լայն մասնակցություն չունի ՏԻՄ ընտրություններին: Տարբեր մեթոդներով փորձվում է հավասարեցման գիծ դնել ՏԻՄ ընտրությունների եւ Ազգային ժողովի ու նախագահական ընտրությունների միջեւ, իբրեւ թե, եթե խնդիրը կեղծիքն է, ապա պետք չէր մասնակցել նաեւ Ազգային ժողովի ընտրություններին, եւ նույն կերպ նաեւ սպասվող նախագահական ընտրություններին: Կոնգրեսի համակարգող, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը թերթի հետ զրույցում պարզաբանում է, որ հավասարության նշան ուղղակի չի կարելի դնել, քանի որ տարբեր ընտրությունների պարագայում տարբեր իրավիճակներ են ստեղծվում: Զուրաբյանը նշում է, որ Հայաստանում ընտրություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն, Հայաստանում գործում է դեմոկրատական ֆասադով թաքնված բռնապետություն, որը օգտագործում է իր բոլոր լծակները, ապօրինությունները, ընտրակեղծիքները, ընտրակաշառք` արդյունքում ընտրությունները կեղծելու եւ իշխանությունների դիրքերը ամրապնդելու նպատակով: «Չորրորդ ինքնիշխանություն»-ը շարունակում է. - «Զուրաբյանի խոսքով, նման ընտրություններին մասնակցելն իմաստ կունենար միայն մեկ դեպքում` եթե դրանցով հաջողվեր թուլացնել ռեժիմը, մոբիլիզացնել ժողովրդին, փոխել քաղաքական մթնոլորտը, ինչպես 2008 թվականին»:

«ժողովուրդ» թերթի խմբագրականն արձագանքում է Արդարադատության խորհրդի որոշմանը, ըստ որի չորս դատավորներ պետք է ենթարկվեն կարգապահական պատասխանատվության. - «Տարիների փորձը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ տեղի ունեցածը որեւէ կապ չունի արդարադատության հետ: Առաջին անգամը չէ, որ Հայաստանում իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչներ պատժվում են ոչ թե իրենց կատարած ապօրինությունների, հանցագործությունների, այլ ռեժիմի ներսում խաղի ներքին կանոնները խախտելու համար: Օրինակ` բոլորին է հայտնի, թե Հայաստանում կոռուպցիան ինչ չափերի է հասել: Բայց պաշտոնյաները ձերբակալվում են ոչ թե հենց կաշառք վերցնելու համար, այլ որ կաշառքի գումարը «հայտարարագրված» չի եղել, եւ նրանք փորձել են վերեւներից աննկատ գրպանել դա: Կամ էլ այս ողջ պատմությունը հետեւանք է այն բանի, որ կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորները ինչ-որ անձնական խնդիրներ են ունեցել իրենց վերադասի հետ, արդյունքում նրանցից վրեժխնդիր են լինում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG