Մատչելիության հղումներ

Աշխատավարձից գանձվող հարկերը ավելանալու են


2010 թվականի դեկտեմբերին ընդունվեց «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով էական փոփոխություններ են կատարվելու եկամտահարկի հաշվարկման մեխանիզմում:

Նոր օրենքը 2013 թվականի հունվարից փոխարինելու է ներկայումս գործող «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքերին: Այսպիսով նախատեսվում է ներկայումս գործող օրենքի համաձայն յուրաքանչյուր աշխատողի համար գանձվող սոցիալական ապահովության վճարը եւ եկամտահարկը միացնել իրար: «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանի խոսքով, սա նշանակում է, որ 2013 թվականից բարձրանալու է ամսական աշխատավարձից պետությանը տրվող հարկը. - «Նախկինում գործատուն յուրաքանչյուր աշխատողի համար վճարում էր սոցիալական ապահովության վճար, այդ բեռը փաստորեն հիմա տեղափոխվել եւ դրվել է աշխատողի վրա»:

Նրա խոսքով, եթե, օրինակ, հիմա քաղաքացին ստանում է ամսական 100 հազար դրամ աշխատավարձ, իսկ ներկայիս օրենսդրությամբ պետությանը վճարվում է այդ աշխատավարձից 9720 դրամ, ապա 2013 թվականից աշխատողից պահվող ամսական հարկերը կկազմեն 24.400 դրամ: Փաստաբանի խոսքով, օրենքով նախատեսվում է, որ նման իրավիճակում գործատուն պետք է բարձրացնի աշխատողի ամսական վճարը, որպեսզի աշխատավարձը չփոփոխվի, մինչդեռ նշված չէ, թե աշխատավարձը չբարձրացնելու դեպքում ինչպես կարող է աշխատակիցը վերականգնել իր իրավունքները:

«Հստակ մեխանիզմներ նախատեսված չեն, այսինքն եթե գործատուն չկատարեց այդ բարձրացումը եւ արդյունքում պահպանվեց այդ աշխատավարձը, ապա ինչ պետք է անի աշխատակիցը: Եթե խոսքը գնա դատական պաշտպանության մասին, այսինքն աշխատողը ստիպված կլինի լրացուցիչ ծախսեր անել եւ դիմել դատարան, ինչը, իմ կարծիքով, ճիշտ չէ, իսկ արտադատական պաշտպանության համար հստակ մեխանիզմներ նշված չեն այստեղ», - ասաց նա:

Այսպիսով այն, որ այս օրենքը ազդելու է բոլորի վրա, ակնհայտ է: Կարեն Հովհաննիսյանի խոսքով, գործատուին ավելի ձեռնտու կլինի աշխատանքից ազատել նախկին աշխատակցին եւ ընդունել նորերին` ավելի ցածր աշխատավարձով, կամ էլ հին աշխատակիցը պետք է հարմարվի նոր` ավելի ցածր աշխատավարձին:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով, այս օրենքը մեծ հաշվով ազդելու է միայն աշխատակցի վրա, քանի որ այն ոչնչով չի վնասելու գործատուին. - «Սա միանշանակ հարկային բեռի ծանրացում է նշանակում, ակնհայտ է, որ բեռը ընկնելու է աշխատակցի վրա: Եկեք պարզ դատենք, գործատուն փորձելու է աշխատակիցների հաշվին լուծել այս հարցը»:

Հովհաննիսյանի խոսքով, բացի այս օրենքից արդեն 2014 թականից ուժի մեջ է մտնելու մեկ այլ` պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների մասին օրենքը: Ըստ այս օրենքի նախատեսվում է, որ սկսած 2014 թվականից ամեն ամիս աշխատավարձի 5 տոկոսը պարտադիր պետք է ուղղվի կենսաթոշակային հիմնադրամ:

please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG