Մատչելիության հղումներ

logo-print
Խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ Վրաստանում թափ է հավաքում «սոցիոլոգների պատերազմը»։ Ընդդիմությունն ու իշխանությունը իրարարամերժ տվյալներ են հրապարակում`պնդելով որ հաղթելու են մեկ ամսից կայանալիք ընտրություններում:

Օրերս հրապարակվեցին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատվերով անցկացված հերթական հարցման արդյունքները, որոնց համաձայն Սահակաշվիլիի կողմնակիցները հաջորդ գումարման վրացական խորհրդարանում տիրապետելու են մանդատների գերակշիռ մասին։

Greenberg Quinlan Rosner հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ հոկտեմբերի 1-ին վրացիների 46 տոկոսը կքվերակի իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին: Ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական Երազանք» դաշինքը, այս նույն հարցման համաձայն, կստանա քվեների 24 տոկոսը:

Սոցիոլոգները նաեւ նշում են, որ եթե տվյալների հաշվարկի ընթացքում դուրս բերվեն այն քաղաքացիները, որոնք հրաժարվել են պատասխանել սոցիոլոգների հարցերին կամ դեռեւս չեն կողմնորոշվել, իշխող կուսակցության վարկանիշը էլ ավելի կաճի՝ հասնելով 55, իսկ Իվանիշվիլիի կողմնակիցներինը՝ 33 տոկոսի:

«Հարցման արդյունքները համահունչ են ամերիկյան «Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին ամիսներին անցկացրած հարցումներին, որոնք վկայում էին, որ իշխող կուսակցության վարկանիշը երկու անգամ ավելի բարձր է քան ընդդիմությանը», - նշում են Սահակաշվիլիի կողմնակիցները:

Ուշագրավը, սակայն, այն է, որ Վրաստանի նախագահի թիմն այս հարցման արդյունքները հրապարակեց մի քանի շաբաթ անց այն բանից, երբ ամերիկյան մեկ այլ ընկերություն`Penn Schoen Berland-ը հանրությանը տրամադրեց արդեն «Վրացական երազանք»-ի պատվերով անցկացված հետազոտության ամփոփիչ տվյալները: Ինչպես եւ կարելի էր ենթադրել՝ այս մի դեպքում առաջին տեղում էր հայտնվել Բիձինա Իվանիշվիլիի հիմնած կուսակցությունների դաշինքը: Ամերիկացի սոցիոլոգները պնդում էին, որ հոկտեմբերի 1-ին «Վրացական երազանքը» կստանա քվեների 42, իսկ իշխող «Ազգային շարժումը»` 41 տոկոսը: Նույն այս հարցման համաձայն «Վրացական երազանքը» վստահ հաղթանակ է տոնելու Թբիլիսիում: Մայրաքաղաքային ընտորղների 48 տոկոսը, եթե հավատանք այս հարցմանը, պատրաստ է քվեարկել ընդդիմության եւ միայն 34 տոկոսը` իշխող կուսակցության օգտին:

Սահակաշվիլիի կուսակցության կողմից պատվիրված հարցման արդյունքները, սակայն, միանգամայն այլ պատկեր են վեր հանում: Դրանց համաձայն վրացիներն ընդհանուր առմամբ գոհ են իշխանություններից եւ վստահում են նրանց։ Սրա վկայությունն է, թերեւս, այն հանգամանքը, որ հարցվածների 69 տոկոսը համոզմունք է հայտնել, որ առաջիկա ընտրությունները համապատասխանելու են միջազգային չափանիշներին` լինելով ազատ ու արդար: Հարցվածների 51 տոկոսը պնդել է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Հարցվածների եւս 74 տոկոսը ամբողջությամբ կամ մասամբ հավանության է արժանացնում Սահակաշվիլիի կատարած քայլերը նախագահի պաշտոնում: Հետաքրքրական է, որ Իվանիշվիլիի պատվերով անցկացված հարցման համաձայն վրացիների միայն 43 տոկոսն է համարում, որ երկրիը ճիշտ ուղու վրա է:

Հարկ է նշել, որ իշխող կուսակցության համար հարցումները անցկացնող Greenberg Quinlan Rosner ընկերության տվյալները որոշակիորեն ավելի արժանահավատ են թվում նախեւառաջ այն պատճառով, որ այս ընկերությունը Վրաստանում աշխատանքի բավական մեծ փորձ ունի: 2008-ին այն կանխատեսել էր Սահակաշվիլիի հաղթանակը նախագահական ընտրություններում: Հինգ տարի առաջ ամերիկացի սոցիոլոգները նշել էին, որ «Վրաստանի նախագահը կստանա քվեների 52 տոկոսը»: Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնական ցուցանիշն այդ ընտրություններում, հիշեցնենք, կազմեց 53 տոկոս: Այս ընկերությունը նաեւ ճշտությամբ կանխատեսել էր այն տոկոսները, որ 2010-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ստացավ Թբիլիսիի վարչակազմի գործող ղեկավար Գիգի Ուգուլավան: Միջազգային ասպարեզում Greenberg Quinlan Rosner-ը հայտնի է Բիլ Քլինթոնի, Նելսոն Մանդելայի եւ Թոնի Բլերի վարչակազմերի համար անցկացված հարցումներով ու հետազոտություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG