Մատչելիության հղումներ

logo-print

Վահե Ավետյանի սպանության պատճառը «խմբակային անպատժելիությունն» է


«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամները: Ձախից առաջինը` նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամները: Ձախից առաջինը` նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, եթե Վահե Ավետյանի սպանության համար մեղավորներին իրավապահները այդքան փութաջանորեն պաշտպանում են, գուցե նրանք որեւէ կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների հետ։

«Ես, օրինակ, կարծում եմ, որ դրանք նույն մարդիկ են, ովքեր Մարտի 1-ին սպանություն էին արել։ Ո՞ր մեկդ կարող է ասել, որ ոչ։ Չէ՞ որ Մարտի 1-ի սպանություն կատարողները, մարդասպանները, մնացել են ազատության մեջ։ Հստակեցնենք՝ կազմակերպված, խմբակային անպատժելիության հստակ շղարշի ներքո սպանություն, դաժան ծեծ կազմակերպել եւ իրականացրել է, դրանից հետո իրավապահ մարմինները ջանասիրաբար ոչնչացրել են հետքերը», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր զուգահեռ անցկացրեց Ալավերդյանը։

Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները, ինչպես նաեւ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը եւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները այսօր հրավիրած ասուլիսում համոզմունք հայտնեցին, որ Վահե Ավետյանի սպանության գործը քննած նախաքննական մարմինը ամեն ինչ արել է հանցագործությունը չբացահայտելու, Ռուբեն Հայրապետյանին հովանավորելու եւ նրան որպես կասկածյալ չներգրավելու համար։

Փաստաբանները ներկայացրեցին նախաքննական մարմնի «դիտավորյալ անգործությունը փաստող» բազմաթիվ օրինակներ։ Նախ այն, որ Վահեին դաժան ծեծի ենթարկած անձինք դեպքի օրը ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին Երեւանից Սեւան գնալու եւ հետ վերադառնալու ընթացքում։ Սա, ըստ փաստաբանների, ապացուցում է, որ, հակառակ գործում եղած կեղծ պայմանագրերի, այս մարդիկ եղել են Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամները։

Փաստաբանների փոխանցմամբ, նաեւ կեղծվել են մեղադրյալների՝ իբրեւ «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցներ հանդիսացող պայմանագրերի ստորագրությունները։ Դա ակնհայտ է դառնում, երբ համադրում են մեղադրյալների՝ աշխատանքային պայմանագրերի եւ ցուցումունքների տակ դրված ստորագրությունները։ Մինչդեռ, նախաքննական մարմինը մերժել է դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու իրենց միջնորդությունը։

Փաստաբան Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ, եթե նախաքննությամբ հաստատվեր, որ մեղադրյալները Հայրապետյանի թիկնազորի անդամներն են, պարզ կդառնար նաեւ, որ նրանք Վահեին ծեծել են իրենց տիրոջ իմացությամբ․ - «Քրեաօլիգարխիկ համակարգի իմացության պարագայում ակնհայտ է, որ թիկնապահները առանց իրենց տիրոջ իմացության որեւէ զարտուղի քայլեր չէին ձեռնարկի»։

Հաշվի առնելով այն, որ իրավապահ մարմինները «կանխամտածված անգործություն են դրսեւորել այս գործը չբացահայտելու համար», «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը խմբի անունից կոչ արեց բոլոր քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին միանալ իրենց պայքարին եւ պահանջել, որպեսզի քրեական այս գործը դատարանի կողմից վարույթ չընդունվի եւ սկսվի նոր քննություն․ - «Պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավորներից Ազգային ժողովի օրակարգում ընդգրկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, ոստիկանապետի եւ ոստիկանության գլխավոր քննչական վարչության պետի հրաժարականների հարցը»։

«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամներն էլ իրենց հերթին հայտարարեցին, թե քանի որ իրավապահ մարմինները դիտավորությամբ չեն կատարում Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները, ապա առաջիկայում իրենք ստեղծելու են այսպես կոչված «Հանրային արդարության տրիբունալ», որը կիրականացնի իր նախաքննությունը։

Այն, որ իրավապահ ողջ համակարգը աշխատում է այս գործը կոծկելու եւ մեղադրյալներին առավել մեղմ պատիժ տալու համար, քաղաքացիական նախաձեռնության անդամները պայմանավորում են մի քանի ամսից կայանալիք նախագահական ընտրություններով։

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանի համոզմամբ, իշխանությունների վերարտադրության համար Ռուբեն Հայրապետյանը կարեւոր դերակատարություն պետք է ունենա․ - «Մենք առջեւում ունենք նախագահական ընտրություններ, եւ նման ֆինանսական եւ քրեական ցանց ունեցող մարդ, ինչը Ռուբեն Հայրապետյանն է, կորցնելը դժվար կլինի համակարգի համար։ Եվ, բնականաբար, հնարավոր է եւ նախագահական ընտրություններից հետո նաեւ զոհեն այդպիսի մի անձի, որպեսզի հասարակական ինչ-որ բան ստեղծեն, բայց ոչ այս պարագայում, երբ այդ ցանցի տիրապետողը հենց Ռուբեն Հայրապետյանն է, որը պետք է ապահովի իշխանությունների վերարտադրությունը այս պահին»:

Նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նույնպես կարծում է, որ իրավապահ մարմինները այս գործի հետ կապված շտապողականություն են դրսեւորում, քանի որ առջեւում նախագահական ընտրություններ են։

XS
SM
MD
LG