Մատչելիության հղումներ

Ստեղծվելու է Եվրասիական տեղեկատվական լիգա


Վահե Էնֆիաջյանը (ա) եւ Անդրեյ Սմիռնովը լրագրողների հետ հանդիպմանը:

Վահե Էնֆիաջյանը (ա) եւ Անդրեյ Սմիռնովը լրագրողների հետ հանդիպմանը:

Հայաստանում այսօր իր աշխատանքներն է ամփոփում Առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը, որն անցկացվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Ռուսաստանի եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ:

Համաժողովի շրջանակում այսօր Երեւանում կազմակերպված Երեւան - Մոսկվա - Աստանա - Կիեւ հեռուստակամրջի ժամանակ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիռնովը հայտարարեց, որ Եվրասիական տեղեկատվական լիգան ստեղծվում է Եվրասիական միության մասին ճիշտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվական հոսքն ապահովելու նպատակով:

Մոսկվայում գործող Հետխորհրդային տարածքի ուսումնասիրական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը իր խոսքում ասաց, թե «ժամանակն է մտածել ընդհանուր արտադրանք ստեղծելու մասին»` նաեւ ակնարկելով, թե նշված ուղղությամբ խնդիրներից է այն, որ թե' Հայաստանում, թե' Ղազախստանում, թե' Ուկրաինայում քաղաքական ուժերի մոտեցումները եվրասիական ինտեգրացիայի նկատմամբ տարբեր են:

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները հստակ դիրքորոշում չեն արտահայտել Եվրասիական միությանն անդամակցության հարցում, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեմ է արտահայտվել դրան:

Համաժողովի մասնակիցներից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը, ի պատասխան հարցին, թե արդյոք հարթակ դառնալով նման համաժողովի համար Հայաստանը կոնկրետ մեսիջներ չի ուղարկում Ռուսաստանին ու Եվրոպային եւ չի վտանգում մեր երկրի ինքնիշխանությունը, հայտարարեց. - «Մենք կողմ ենք ցանկացած ինտեգրացիոն պրոցեսներին: Եվ ոչ մի գործընթացի մենք չենք կարող մասնակցել, եթե դա չբխի մեր երկրի շահերից»:

«Քանի դեռ երկիրը հստակ կողմնորոշում չունի, ցանկացած կուսակցության ինչ ասես կարող է անել: Դա երկրի թուլությունից է գալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Առաջին եվրասիական երիտասարդական համաժողովի անցկացման կապակցությամբ ասաց Հայ ազգային կոնգրեսի համակիր, նախկին դիվանագետ Առաքել Սեմերջյանը:

Նրա համոզմամբ` Հայաստանը չպետք է դառնա տարբեր միջազգային ուժերի պայքարի թատերաբեմ. - «Ի վերջո, եթե այս կողմին էլ, այն կողմին էլ խոստում տաս, այդ խոստումները տալու ժամանակն է գալու, ու Հայաստանը կանգնելու է ինքնիշխանությունը կորցնելու առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG