Մատչելիության հղումներ

logo-print
Օգոստոսի 15-17-ը Ղրիմի «Արտեկ» միջազգային ճամբարում անցկացված թվով հինգերորդ «Մանկական Նոր ալիք 2012» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակիցներից Սոնա Գյուլխասյանը մրցույթում գրավեց 2-րդ հորիզոնականը` ընդամենը մեկ միավորով զիջելով հաղթած ռուս մասնակցին:

Գրավելով երկրորդ պատվավոր տեղը` Սոնան արժանացավ «Բյուրեղապակե ալիք» մրցանակին եւ էլեկտրոնային դաշնամուրի:

Սոնան մրցութային երկու օրերին ժյուրիի գրեթե բոլոր անդամներից ստացել է առավելագույն 11 միավորը: Նրանցից միայն մեկը` «Դիսկոտեկա Ավարիա» խմբի մենակատար Ալեքսեյ Ռիժովը, Սոնայի ելույթներից մեկը գնահատել է 10 միավոր, ինչի հետեւանքով վերջնական հաշվարկներով մեր մասնակիցը հայտնվել է երկրորդ հորիզոնականում` զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ելիզավետա Պուրիսին: Մրցութային օրերին Սոնան կատարել է երկու երգ` Բիյոնսեի «Listen-ը» եւ Անի Քրիստիի «Կարոտը»:

Հայ երեխաներին ուղեկցող արվեստի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը զարմացրել էր այն, որ ցածր միավորը դրվեց հենց «Listen» կատարման համար:

Այս տարի ժյուրիի կազմում էին հայտնի կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյը, Կոնստանտին Մելաձեն, ռուսական էստրադայի երգիչ-երգչուհիներ` Սերգեյ Լազարեւը, Ալսուն, Իրինա Դուբցովան, Անի Լորակը, Վերա Բրեժնեւան, Վլադ Սոկոլովսկին եւ Ալեքսեյ Ռիժովը:

Համերգից հետո ժյուրիի անդամներն ու ռուս հայտնի երգիչները խորհուրդ էին տալիս Սոնային չհուզվել եւ չտխրել մեկ միավորի պատճառով:

Առաջին անգամ «Մանկական Նոր ալիքի» պատմության մեջ Հայաստանից մրցույթին ներկայացավ երկու մասնակից:

Հայաստանյան մյուս ներկայացուցիչը` Արինա Մալխասյանը, զբաղեցրել է 6-րդ տեղը:

Մրցույթին մասնակցում էին 16 ներկայացուցիչներ 12 երկրներից:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած ութամյա Լիզա Պուրիսը մրցույթի ամենափոքր մասնակիցն էր: Ութամյա երգչուհին հնարավորություն ստացավ ներկա գտնվելու «Նոր ալիք 2013» երգի մրցույթին: Մրցութային երկու օրերին Լիզան կատարեց Ուիթնի Հյուսթոնի "I have nothing" եւ Լարա Ֆաբիանի "Adagio" երգերը:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Յուրի Պրիվիկան Ուկրայինայից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG