Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը` Ֆրանսիայի դպրոցների դասագրքերում


Հայ բռնի տեղահանվածների ընտանիքը, արխիվային լուսանկար

Հայ բռնի տեղահանվածների ընտանիքը, արխիվային լուսանկար

Այս ուսումնական տարում Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների պատմության եւ աշխարհագրության դասագրքերը օժտված են նոր ծրագրերով, որոնցում լայնորեն ներկայացված է 1915-16 թվականների Հայոց ցեղասպանությունը։

Ձեռնարկներում տրված են մանրամասն տեղեկություններ Օսմանյան կայսրության կառուցվածքի, ցեղասպանության սկզբնավորման, գործադրման, այդ իրադարձության մեջ պատերազմի դերի, ինչպես նաեւ երիտթուրքերի կառավարության, թուրքական ազգայնականության վերաբերյալ, օգտագործված են աքսորյալների քարավանները ներկայացնող լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր եւ մի քարտեզ, որում նշված են զանգվածային կոտորածների շրջաններն ու աքսորի ճանապարհները։

Today’s Zaman թերթը գրում է, որ Թուրքիայի կրթության նախարարությունը քննության է ենթարկելու Ֆրանսիայի դպրոցների պատմության այդ ձեռնարկները` տեսնելու, թե չկա՞ն արդյոք Թուրքիային մեղադրող նախադասություններ, պատասխանելու համար Ֆրանսիային դիվանագիտական ճանապարհով` համաձայն միջազգային օրենքի։

Պաշտոնական Անկարան, որը Ֆրանսուա Օլանդի` Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց ի վեր Փարիզի հետ հարաբերությունների վերականգնման մեծ հույսեր էր կապում, չի կարող դժգոհ չլինել Հայոց ցեղասպանությունը պատմության ձեռնարկներում ներկայացնելու` Օլանդի կառավարության ընդունած որոշումից, նշում են մեկնաբանները։

Ֆրանսիայի նախագահը անցած ամիս էլ հայտարարել էր, որ կատարելու է ընտրարշավի իր խոստումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG