Մատչելիության հղումներ

logo-print

Հալեպում «կարելի է տակավին դիմանալ, տոկալ եւ ամուր մնալ»


Սիրիա -- Խփված տանկ Ազազ մզկիթի մոտ, Հալեպ, արխիվ

Սիրիա -- Խփված տանկ Ազազ մզկիթի մոտ, Հալեպ, արխիվ

Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ իրավիճակը Հալեպում «ծանր» է։

Ռեիսյանը, այդուհանդերձ, ասում է, որ՝ «կարելի է տակավին դիմանալ, տոկալ եւ ամուր մնալ»։

Բերիո թեմը եւս միացել է Սիրիայի քրիստոնյա համայնքների առաջնորդների շաբաթ օրը տարածած այն հայտարարությանը, որով նրանք հրաժարվում են գաղթից ու Սիրիայում հակամարտող կողմերին խաղաղության կոչ անում:

Երեկ Հալեպում կայացել է ազգությամբ հայ Ալինա Մխջյանի հուղարկավորությունը:

«Անցած ուրբաթ իր տան պատշգամբում ռումբից վիրավորված ու հաջորդ օրը մահացած աղջիկը նշանված էր», -ասում է Ռեիսյանը:

Նրա տեղեկություններով, 31-ամյա երիտասարդ կինը պատշգամբ էր դուրս եկել հեռախոսով խոսելու, ու պարզ չէ, թե որ կողմի արձակած ռումբից է նա զոհվել:

Սիրիայում տիրող իրավիճակի հետեւանքով արդեն 11 սիրիահայ է զոհվել։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ վիճակը գնալով ավելի է վատանում՝ այս հարցին ի պատասխան Ռեիսյանն ասում է, որ իսկապես վիճակն Հալեպում ապահով չէ, բայց հակամարտությունն ուղղված չէ հայկական համայնքի դեմ, ու համայնքի ներկայացուցիչները պետք է պարզապես զգույշ մնան: Զոհված աղջիկը բնակվում էր հայաշատ նոր Գյուղ թաղամասում: Այստեղ, ինչպես նշում է Ռեիսյանը, գտնվում է Սուրբ Գեւորգ եկեղեցին, որի հարեւանությամբ գտնվող վայրերում վտանգավոր է, ուստի եկեղեցին այս շրջանում այցելելը եւս վտանգավոր է, ամփոփում է Բերիո թեմի ներկայացուցիչը:

Նա հավելում է, որ հայաշատ թաղամասերն համեմատաբար խաղաղ վիճակում են, դրանք վերահսկում են կառավարական ուժերը, եւ հիմնական մարտերն այդտեղ գրեթե ավարտած պետք է համարել, եւ պետական զորքը շարունակում է մարտերը ընդդիմադիրների հետ ծայրամասային թաղամասերում:

«Հայկական համայնքն այս օրերին տնտեսական լուրջ խնդիրներ ունի», - շարունակում է Բերիո թեմի ներկայացուցիչը: - «Մարդիկ խնդիր ունեն սննդի ձեռքբերման հարցերում, առաջիկայում ջեռուցման հարցերը կավելանան, վնասված բնակարանների նորոգման խնդիրներ կան։ Լուրջ դժվարություններ են, որոնք գաղութի պատասխանատուների օրակարգում են»։

Վերջին օրերին 900 փաթեթ սնունդ է բաժանվել հայկական ընտանիքներին: Պատերազմի պատճառով մարդիկ աշխատանքի չեն գնում, փակ են աշխատավայրերը, խանութներն ու այլ կառույցներ:

Սիրիայի հայկական համայնքին աջակցելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում առանձնացված բանկային հաշվին օրերս եւս երկու փոխանցում է արվել՝ 2 միլիոն դրամ «Հայռուսգազարդ»-ն է փոխանցել, 4 միլիոն դրամ էլ «Փեթակ» ՍՊԸ-ն: Ավելի վաղ հաշվեհամարին 35 հազար եվրո էր փոխանցել հայտնի գործարար, սփյուռքահայ բարերար Հրայր Հովնանյանը, 5 հազար դոլար էլ փոխանցել էր Լիբանանի հայկական համայնքը:

Հովնանյանի փոխանցած գումարով հնարավոր դարձավ սիրիահայ երեխաներին անվճար բերել Հայաստան` ապահովելով նրանց երկշաբաթյա հանգիստը հայրենիքում:

Մնացած գումարը նախատեսվում է ուղարկել Սիրիայի հայ համայնքի համակարգող մարմնին:

XS
SM
MD
LG