Մատչելիության հղումներ

Կատաղի մարտեր Հալեպի հայկական թաղամասերում


Հալեպում ապստամբների եւ կառավարական ուժերի միջեւ ընթացող մարտերը կրկին տեղափոխվել են հայաբնակ թաղամասեր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր նշեց Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը:

«Անցնող մի քանի օրերին հայաբնակ թաղամասերից մի քանիսը «տաք շրջանների» վերածվեցին: Լինում են թե փոխհրաձգություններ, եւ թե ռմբակոծություններ: Մարդկային կորուստները համեմատաբար քիչ են», - նշում է հալեպահայ գործիչը` այնուամենայնիվ նշելով, որ շաբաթ օրը Հալեպում մի հայ կին է զոհվել:

«Ռումբի պայթյունի հետեւանքով հայ երիտասարդ մի կին գլխի ծանր վնասվածքներ էր ստացել: Չնայած բժշկական բազմաթիվ միջամտությունների՝ երեկոյան նա մահացավ եւ այսօր արդեն կայացավ նրա հուղարկավորությունը: Կան նաեւ հայեր, որոնք ավելի թեթեւ են վիրավորվել։ Նրանց հարկ եղած բուժօգնությունը ցուցաբերվել է», - նշում է Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով, շարունակվող մարտերի ընթացքում տուժել են նաեւ Հալեպի հայերին պատկանող ունեցվածքը, հայկական հաստատություններից մի քանիսը:

«Նյութական վնասն ամենուր է: Նոր Գյուղ շրջանում, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում, բազմաթիվ հայկական գործատեղիներ ու հաստատություններ կան, վերջին օրերին կրակոցներն անպակաս էին։ Բոսթան Փաշա թաղամասում գտնվող հայկական ծերանոցը եւս բավական ծանր նյութական վնասներ է կրել, սակայն ծերերից որեւէ մեկը չի տուժել: Տնօրինության ձեռնարկած ջանքերի շնորհիվ ծերերին ապահով սենյակներ են տեղափոխել»,- նշում է Ռեիսյանը:

Իսկ ու՞մ վերահսկողության ներքո են այժմ Հալեպի հայկական թաղմասերը: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան Բերիո թեմի առաջնորդարանի բանբերը նշեց․ - «Անշուշտ, կառավարական ուժերի, բայց ընդդիմադիրների կողմից որոշակի թափանցումներ կան եւ այդ փորձերի պատճառով ընդհարումներ են ծագում: Բայց ասել, որ շրջաններն անցել են ընդդիմության հսկողության տակ, սխալ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG