Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարել է պայքարել ստվերի դեմ առողջապահական հիմնարկներում


Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության բնագավառին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը զարմանքով է արձանագրել, որ առողջպահության նախարարությունում ըստ բուժհաստատությունների ամսական մոնիթորինգ գոյություն չունի, հաշվետվությունների հավաքագրման ուղղությամբ նախարարությունում միջոցառումներ չեն ձեռնարկվել եւ փաստացի բացակայում են համախառն ներքին արդյունքի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները:

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին իր գլխավորած գերատեսչությունում ներդնել մոնիթորինգային համակարգ եւ յուրաքանչյուր ամիս հանրապետության 466 բուժհաստատություններից օպերատիվ կերպով պահանջել համապատասխան հաշվետվություններ: Ստուգումների արդյունքները կավարտվեն սեպտեմբերին: Տիգրան Սարգսյանը հորդորել է Դումանյանին խոչընդոտների դեպքում անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ:

«Խորհրդակցությանը ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն առաջարկել է առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել եւ իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ ծրագրեր: Որպես այս ոլորտում առկա ստվերայնության ապացույց՝ ՊԵԿ նախագահը փաստել է, որ հանրապետության փոքր քաղաքներից մեկի հիվանդանոցը Երեւանի հզոր առողջապահական կենտրոններից ավելի մեծ հարկային մուտքեր է ապահովել», - ասված է կառավարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG