Մատչելիության հղումներ

Օգոստոսի 25-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Վահե Ավետյանի սպանության գործին, գրում է. - «Քրեական գործի քննության ընթացքը ակնհայտորեն գնաց այն ուղղությամբ, որպեսզի իսպառ բացառվեն «Հարսնաքար»-ի դեպքում Ռուբեն Հայրապետյանի մասնակցության բոլոր հնարավորությունները: Փաստաբանների բոլոր, մեղմ ասած, տրամաբանական միջնորդությունները մերժվեցին մի առանձնահատուկ ցինիզմով: Եթե Հայրապետյանը իրոք չի հրահանգել, որ «Հարսնաքար»-ում ծեծեն ռազմաբժիշկներին, ապա թե ինքը, թե նախաքննական մարմինը պետք է առանց որեւէ խնդրի բավարարեին միջնորդությունները եւ ստուգեին դրանցում մատնանշված փաստերը: Կստուգեին, կապացուցեին, որ Հայրապետյանը ոչ մեկին ծեծելու հրահանգ չի տվել, որ ռազմաբժիշկներին ծեծողներն ու Վահե Ավետյանին սպանողները ոչ թե Հայրապետյանի անձնական թիկնապահներն են, որոնք իրենց շեֆից քայլ անգամ հեռու չեն գնում, այլ ընդամենը «Հարսնաքար»-ի աշխատակիցներ են: Մի խոսքով, այս ամենից ուղղակիորեն հետեւում է, որ իշխանությունը որոշել է «փոշմանեցնել» Հայրապետյանին: Ընդամենը հիշեցնենք, որ վերջինս փոշմանելու հարցում մրցակիցներ չունի: Նա որոշել էր չառաջադրել իր թեկնածությունը մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններում, հետո փոշմանեց, առաջադրվեց: Հետո բոլորին հրավիրելու էր իր հետ բանավիճելու, հետո փոշմանեց ու մերժեց բանավեճի բազմաթիվ առաջարկները: Այս պարագայում Ազգային ժողովի մանդատը վայր դնելու հարցում փոշմանելու ոչ մի բարդույթ, կարծում ենք, նա չի ունենա»:

«Առավոտ»-ը զրուցել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: Նա ասում է. - «Եթե ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա, իհարկե, շատ ավելի շահեկան կլինի: Սա` որպես ընդհանուր մոտեցում: Բայց նաեւ, նկատի ունենալով, թե այսօր ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, հատկապես, թե ինչ կատարվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ հետո, դժվար եմ պատկերացնում, որ ամբողջ ընդդիմությունը կարող է համախմբվել մեկ միասնական թեկնածույի շուրջ: Հաշվի առնելով եղած քաղաքական իրողությունները, ընդդիմությունը այս պահին պետք է ամբողջ ընդդիմադիր էլեկտորատը իր ձեռքում պահելու խնդիր դնի: Սա այս պահին, թերեւս, առավել կարեւոր հարցն է: Եթե ընդդիմադիր էլեկտորատը պահելու համար անհրաժեշտ է մի քանի թեկնածու, ուրեմն պետք է գնալ այդ քայլին, որովհետեւ գաղտնիք չէ, որ այս պայմաններում կարող է ստացվել այնպես, որ արհեստական միավորման դեպքում 1+1-ը երբեք էլ երկուս չդառնա, նույնիսկ 1-ից էլ փոքրանա»:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Քաղաքականությունը գործունեության մի ասպարեզ է, որտեղ հայտնվողները կամա թե ակամա, սպասարկում են հասարակական շահը, իհարկե, նախ եւ առաջ մտածելով սեփական անձնական շահի մասին: Որեւէ տեղ քաղաքական ուժերը եւ գործիչները սրբեր չեն, բայց նրանք, չլինելով սուրբ, այդուհանդերձ, ենթարկվում են քաղաքական համակարգի որոշ «սուրբ» կանոններիʽ այդպիսով անձնական շահերը հետապնդելով միայն հասարակական շահերի համատեքստում: Հայաստանում այդպիսի կանոններ քաղաքականության մեջ չկան՝ քաղաքականությունը Հայաստանում մարտ է առանց կանոնների, բայց մարտ ոչ թե իրար, այլ հասարակության հետ: Այսօր մենք ականատես ենք հենց այդ իրավիճակի, ինչն էլ ի ցույց է դնում քաղաքական համակարգի ամբողջ դատարկությունն ու սպառվածությունը: Մնում է, որ հասարակությունն այդ ամենից ոչ թե հիասթափվի, այլ անի անհրաժեշտ հետեւություններ»:

«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում արձակագիր Հովհաննես Երանյանը ասում է. - «Ասում են` արյուն, ավազակություն, բռնաբարություն, բայց ինձ համար ամենամեծ ողբերգությունը նույնիսկ ոչ էլ ժարգոնն է, այլ այն, որ սերիալների բառապաշարը ընդամենը 25 -50 բառով է գրվում: Իսկ սա նշանակում է լեզվի ահավոր աղքատացում: Եվ սերունդը, որը նայում է այդ սերիալը, դպրոցում շարադրություն է գրում սերիալային բառապաշարով` ընդամենը 50 բառով նրանք Չարենց են վերլուծում: Այսինքն՝ ձեւավորվում է հեռուստասերիալային լեզու, որը դամոկլյան սուր է մեր լեզվի գլխին: Ինձ առաջին ցավը սա է պատճառում: Եվ կամ` սերիալ չկա, որ մի երկու առեւանգում չլինի` մոր եւ մանկան: Դուք տեսել եք, հանդիպե՞լ եք նման դեպքի, արդյոք Հայաստանում իրականությո՞ւն է երեխայի առեւանգումը: Ուրեմն ինչպե՞ս է այն իրականությունն արտացոլում»:

please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG