Մատչելիության հղումներ

Սիրիահայերը դժվարությամբ են կապ հաստատում բարեկամների հետ


Հայաստան -- Սիրիահայերը ժամանում են Երեւան
Հայաստան -- Սիրիահայերը ժամանում են Երեւան
Հայաստան եկած բազմաթիվ սիրիահայեր իրենց ընտանիքի անդամներին ու բարեկամներին Սիրիայում են թողել։ Ասում են, որ շատ են անհանգստանում նրանց համար, հատկապես երբ լսում են վիճակի վատթարացման մասին։ Փորձում են ինտերնետով ու հեռախոսով կապ պաշտպանել, բայց լավագույն դեպքում մի քանի օրը մեկ է ստացվում խոսել հարազատների կամ ծանոթների հետ։

23-ամյա Վիկտորիա Մոզենյանը, ով իր ընտանիքի անդամների հետ Երեւանում է արդեն մեկուկես ամիս, մշտապես հետեւում է լուրերին ու պարբերաբար զանգում Սիրիա։ Վերջին անգամ հարեւանուհու հետ է կարողացել կապվել։ Հարեւանուհին պատմել է, որ շատ վախեցած են եւ անգամ պատշգամբ դուրս չեն գալիս։ Վիկտորիային էլ խնդրել է այցելել եւ կարիքի դեպքում օգնել իր տղային, ով հիմա Հայաստանում է գտնվում։ Թեեւ Հայաստանում սիրիահայերը խաղաղ երկնքի տակ են ապրում ու իրենց անվտանգ զգում, բայց մշտապես այնտեղի մասին են մտածում։

«Քո բոլոր բարեկամները այնտեղ են։ Այստեղ չենք կարողանում ուրախանալ։ Ուր որ գնաս, ինչ որ անես՝ մտածում ես, թե այնտեղ ի՞նչ է կատարվում», - ասում է Վիկտորիան։

Իր ընտանիքի անդամներին՝ հորը, մորը, երկու քույրերին ու բարեկամներին Հալեպում է թողել նաեւ 24-ամյա Սարգիս Ռշտունին։ Նա Երեւանում է արդեն մեկ ամիս։

«Արդեն 5 օր չէի խոսել իրենց հետ։ Մայրս ասաց հակակիրները՝ «Ալ Քաիդայի» ժողովուրդը, երբ որ մեր թաղերով էին անցնում, կրակում էին՝ ուղղակի վախեցնելու համար։ Իրենց հետեւից պետական զորքն է գալիս։ Մեր թաղերում են կռվում», - պատմեց նա։

Սարգիս Ռշտունին ասում է, որ Հալեպում սնունդը թանկացել է ու չի ճարվում․ - «Մարս պատմում է, ասում է՝ ինչ ուտելիք որ ունենք, դա է։ Որ ուտելիքը վերջացավ, չգիտենք ինչ պիտի անենք»։

Նա հույս ունի, որ շուտով ընտանիքի անդամները իրեն կմիանան, սակայն, ասում է, դժվարություններ կան՝ օդանավի տոմսեր չեն ճարվում, օդանավակայան հասնելն է ապահով չէ։ Բացի այդ, ունեցվածքը վաճառելու ու Հայաստան բերելու դժվարություններ ունեն՝ հայրը չի կարողանում վաճառել իր խանութները եւ ավտոմեքենաները։

please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG