Մատչելիության հղումներ

Անահիտ Բախշյան. «Ես կրթության ոլորտի մարդ եմ»


«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը հուլիսի 26-ին նշանակվել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը հուլիսի 26-ին նշանակվել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն: Նրան Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է առաջարկել աշխատել այդ պաշտոնում, որպեսզի նախկին պատգամավորը փորձի ուժերի ներածին չափով լուծել նախկինում իր բարձրաձայնած խնդիրները:

«Ես եւ պարոն Աշոտյանը, լինելով հակառակ քաղաքական դաշտերում, երկուստեք միմյանց կարեւորել ենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Անահիտ Բախշյանը եւ հավելեց, որ կուսակից ընկերները ողջունել են իր՝ Կրթության ազգային ինստիտուտում աշխատանքի անցնելը: Անահիտ Բախշյանը համարում է, որ ինքը ոչ թե կրթության քաղաքականության ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է, այլ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ:

«Ես երբեք կրթության ընդդիմություն չեմ եղել: Ես կրթության ոլորտի մարդ եմ: Երբ տնօրեն էի քննադատում էի, երբ պատգամավոր դարձա, բնականաբար, ունեի նաեւ ամբիոն, որից ձայնս ավելի լսելի էր դառնում: Եվ որպես Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն՝ նույնպես բարձրաձայնելու եմ այն բոլոր խնդիրները, որ այսօր կան եւ չեմ դադարելու հանդես գալ որպես ոլորտի փորձագետ», - հայտնեց նախկին պատգամավորը:

Անահիտ Բախշյանին կրթության ոլորտի բազմաթիվ խնդիրներ են մտահոգում, որոնցից ամենամտահոգիչը, ըստ նրա, ուսումը անավարտ թողած, դպրոցից հեռացած երեխաների հարցն է: 2010-2011 ուսումնական տարում այս երեխաների թիվը, ըստ պետական վիճակագրության տվյալների, հասնում էր 700-ի:

Առաջին լուրջ խնդիրը, որի շուրջ Անահիտ Բախշյանը պատրաստվում է աշխատել, ավագ դպրոցներն են: Ըստ իմ զրուցակցի՝ ավագ դպրոցները չեն կայացել, ինչի պատճառն այն է, որ 2008-ին ՀՀ կառավարության ընդունած ավագ դպրոցների մասին ռազմավարական հայեցակարգը չի իրականցվել ոչ մի կետով:

«Ավագ դպրոցները պետք աշխարհագրորեն հարմար լինեին տեղանքին, դպրոցի անձնակազմը պետք է ստեղծագործական պոտենցիալ ունենեար, պատրաստ լիներ նորարարությունների, ունենար ուժեղ մանկավարժական թիմ, լավ շենքային պայմաններ եւ այլն: Մարզպետերն ու Երեւանի քաղաքապետը ինչքան չվերանորոգված դպրոց ունեին, դարձրին ավագ` երբ պարզեցին, որ ավագ դպրոցները անցնում են նախարարության ենթակայության տակ», - հայտնեց Անահիտ Բախշյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG