Մատչելիության հղումներ

Սիրիայում 10 ամսում 19 լրագրող է սպանվել


Հունվարին Հոմսում սպանված ֆրանսիացի լրագրող Ժիլ Ժակիեն

Հունվարին Հոմսում սպանված ֆրանսիացի լրագրող Ժիլ Ժակիեն

Լրագրողների պաշտպանության կոմիտեն խորապես մտահոգված է ամերիկացի լրագրող Օսթին Թայսի ճակատագրով: Արդեն մեկ շաբաթ է որեւէ լուր չկա նրանից:

Այս տեղեկությունը փոխանցում են The Washington Post պարբերականը եւ McClatchy լրատվական գործակալությունը, որոնց թղթակցում էր Թայսը: 31-ամյա լրագրողը այս տարվա մայիսից Սիրիայում ռեպորտաժներ էր պատրաստում` հետեւելով Սիրիական ազատ բանակի գործունեությանը: Լրագրողի ընտանիքն ու խմբագիրը օգոստոսի կեսից որեւէ կերպ չեն կարողանում կապ հաստատել նրա հետ:

«Մենք անհանգստացած ենք, որ լրագրողի ընտանիքն ու խմբագիրը կորցրել են կապը Օսթին Թայսի հետ, այն լրագրողի հետ, ով Սիրիայի իրավիճակի մասին ռեպորտաժներ է պատրաստել մի քանի առաջատար եւ հեղինակավոր լրատվամիջոցների համար», - ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սիմոնը. - «Նրա աշխատանքը պաշտպանված է միջազգային իրավունքով, որը երաշխավորում է տեղեկատվություն փնտրելը եւ ստանալը: Որպես լրագրող` նա քաղաքացիական անձ է եւ պետք է զերծ լինի բռնություններից»:

Օգոստոսի 20-ից ի ի վեր տեղեկություններ չկան նաեւ պաղեստինցի լրագրող, արեւմտամետ Al-Hurra հեռարձակող ընկերության աշխատակից Բաշար Ֆահամինից, ինչպես նաեւ Cüneyt Ünal-ի թուրք օպերատորից:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն փաստել է, որ Սիրիայում աշխատող լրագրողներից 19-ին սպանել են նոյեմբերից ի վեր: Ըստ կոմիտեի, լրագրողների համար ամենավտանգավոր վայրը այժմ Սիրիան է:

Կոմիտեն անդրադարձել է նաեւ ճապոնացի լրագրող Միկա Յամամոտոյի մահվան դեպքին, ով երկուշաբթի մահացավ Հալեպում: Մինչդեռ Սիրիայի արտաքին գործերի նախարարը հերքել է տեղեկությունը, թե ճապոնացի լրագրողուհուն սպանել են կառավարական բանակի զինյալները: Նա ասել է, որ լրագրողին սպանել են զինված խմբավորումները:

Իսկ ճապոնացի լրագրողի սպանության մասին պատմող տեսանյութում ապստամբները վկայում են, որ հենց այդ նույն ժամանակ սիրիական ուժերը պատանդ են վերցրել Al-Hurra-ի երկու լրագրողների: Այս պնդումը դեռեւս որեւէ անկախ աղբյուր չի հաստատել:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաեւ նշել է, որ զինծառայողներն առեւանգել էին բրիտանացի ֆոտոթղթակից Ջոն Քանթլիին, Նիդեռլանդներից Սիրիա մեկնած ֆոտոթղթակից Ջիրոին Օերլիմանսին, երբ նրանք հուլիսի 19-ին փորձել են հատել Թուրքիայի սահմանը: Այս երկու թղթակցներն ազատ էին արձակվել մեկ շաբաթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG