Մատչելիության հղումներ

Բրեյվիկը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման


Անդերս Բրեյվիկը Օսլոյի դատարանում:

Անդերս Բրեյվիկը Օսլոյի դատարանում:

Ենթադրվում է, որ հանցագործը երբեւէ չի դուրս գա բանտից։

Օսլոյի դատարանը 33-ամյա մարդասպան Անդերս Բերինգ Բրեյվիկին մեղսունակ է ճանաչել եւ դատապարտել է Նորվեգիայի Քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատժաչափին` 21 տարվա ազատազրկման։ Դատավճիռն ընթերցել է նախագահող դատավոր Վենչե Էլիզաբեթ Արնցենը։

«Վճիռը կայացվել է միաձայն` Անդերս Բերինգ Բրեյվիկը, ծնված 1979 թվականի փետրվարի 13-ին, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 147 եւ 148 հոդվածներով, եւ դատապարտվում է 21 տարվա ազատազրկման, 10 տարի նվազագույն ժամկետով», - հայտարարել է դատավորը։

Հարկ է պարզաբանել «10 տարի նվազագույն ժամկետ» հասկացությունը. Բրեյվիկն այդ ընթացքում չի ունենա ներում հայցելու իրավունք` նույնիսկ եթե բանտում կատարյալ կարգապահություն դրսեւորի։

10 տարի անց նա` եթե ցանկանա, ներում կհայցի, սակայն խիստ անհավանական է, որ դրական պատասխան ստանա։

Ավելին, 21 տարի անց Նորվեգիայի դատարանը կարող է որոշել, որ Բրեյվիկը վտանգավոր է հանրության համար եւ եւս 5 տարով երկարաձգել պատժաչափը, եւ այդպես անվերջ, ուստի, անցյալ տարի 77 մարդ սպանած Բրեյվիկը, ամենայն հավանականությամբ, իր մահկանացուն կկնքի բանտում։

Դատավարությունը 10 շաբաթ է տեւել։ Ի դեպ, «բանտ» ասածը Բրեյվիկի պարագայում ուղղիչ-աշխատանքային հիմնարկում երեք սենյականոց բնակարան է` բոլոր հարմարություններով։

Բրեյվիկն այնտեղ կարող է հանգստանալ, նորմալ սնվել, հարկ եղած դեպքում բուժօգնություն ստանալ, հեռուստացույց դիտել, երաժշտություն լսել, ընթերցել, զբաղվել սպորտով, բայց շփումն արտաքին աշխարհի հետ, իհարկե, խիստ կսահմանափակվի։

Անդերս Բերինգ Բրեյվիկը վերջերս ասել է, որ կբողոքարկի միայն անմեղսունակ ճանաչվելու որոշումը։ Նա չի թաքցրել, որ իր գերագույն նպատակն է մեղսունակ համարվել եւ ապացուցել ամբողջ աշխարհին, որ անցյալ տարվա հուլիսի 22-ին ոչ թե խենթ վիճակում է իրագործել սպանդը, այլ առաջնորդվել է երկրի մահմեդականացումը կանխելու «վեհ» գաղափարով, սթափ ու մտածված է գործել։

Դատարանում նա կրկնել է, որ ընդունում է մարդկանց սպանելու փաստը, սակայն իրեն մեղավոր չի համարում։

Մեղադրող կողմը դատարանին առաջարկել է Բրեյվիկին խելագար ճանաչել ու ուղարկել հոգեբուժարան։ Ի դեպ, ըստ վերջերս անցկացված հարցախույզի, նորվեգացիների 77 տոկոսը նույնպես պնդել է, որ Բրեյվիկին պետք է մեղսունակ ճանաչել։

Դատավճռի ընթերցման պահին Անդերս Բերինգ Բրեյվիկի դեմքին անթաքույց երանություն էր եւ բավարարված ժպիտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG