Մատչելիության հղումներ

Օգոստոսի 24-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ե՛վ իշխանությանը, ե՛ւ հասարակությանը արդեն ժամանակն է ընդունելու, որ չինովնիկական գողության առյուծի բաժինը իրականացվում է օրենքով։ Հենց օրենքն է ամրագրում չինովնիկի հպման կետերը տարբեր տեսակի ակտիվների հետ (փողի, պատվերների, անշարժ գույքի եւ այլն) եւ «զորաշարժի» տարածք ընձեռում նրան այդ ակտիվների հետ աշխատանքում։ Հետեւաբար չինովնիկական գողության դեմ արդյունավետ պայքարը պիտի հիմնված լինի ոչ թե միայն պատիժների խստացման, այլեւ գործող օրենսդրական նորմերի վերանայման վրա։ Միայն այդ ժամանակ տեղի կունենա կոռուպցիայի մակարդակի նկատելի նվազում»։

«Մի քիչ նամուս ունենալը բոլորովին չէր խանգարի», - արեւմտամետներին խորհուրդ է տալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: «Ինչի՞ վրա էր հիմնված Ձեր կանխատեսումը, որ ՀԱԿ-ում գերիշխող է դառնալու հենց սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը, եւ որ ՀԱԿ-ը դառնալու է ձախակենտրոն ուժ։ Դուք այդ կանխատեսումն իրականացա՞ծ եք համարում»: «Առավոտ» թերթի այս հարցին Գրիգորյանը պատասխանել է. - «Իմ կանխատեսումը հիմնված էր մեր շարժման նման շարժումների փորձի ուսումնասիրության, ինչպես նաեւ շատ պարզ մի դիտարկման վրա. Կոնգրեսի սոցիալական հենարանը կեղեքումից ու կոռուպցիայից հիմնավորապես հոգնած մեր շարքային քաղաքացիներն էին, փոքր բիզնեսն ու ոչ նոմենկլատրուրային մտավորականությունը։ Նրանք ստեղծված համակարգը համարում էին անարդար ու անհանդուրժելի ու պահանջում էին դրա արմատական վերափոխումը։ Այդ վերափոխումն անհնար էր լինելու, եթե Կոնգրեսը պարզապես գար իշխանության ու բավարարվեր օրինականության հաստատմամբ ու ազատ ընտրությունների անցկացմամբ։ Կոնգրեսն անպայման ստիպված էր լինելու արտահայտել այդ հենարանի շահերը, ինչը ենթադրելու էր արմատական բարեփոխումներ սոցիալական ոլորտում, հարկային համակարգում, հնարավորությունների հավասարեցման բնագավառում եւ այլն։ Այդ ամենն անել հնարավոր չէր լինելու պետության դերի սահմանափակման, տնտեսության մեջ պետության նվազագույն ներգրավման, բոլորի համար ցածր հարկերի, ինքնակարգավորվող շուկայի ազատական եզրաբանությամբ ու գաղափարախոսությամբ»։

Գյումրիի քաղաքապետի Հովսեփ Սիմոնյանը (ՀՅԴ) պատասխանել է «Հայոց Աշխարհ»-ի հարցերին: «Գյումրին ընտրարշավի առումով բավական իներտ քաղաք է. մարդիկ տներում նստած՝ բողոքում են, իսկ երբ բանը հասնում է քարոզարշավին, առանձնապես ակտիվություն չեն դրսեւորում։ Դաշնակության եւ «Բարգավաճ Հայաստան»-ի տարբերությունը հետեւյալն է. մեր եւ իրենց տարբերությունը գիտե՞ք որն է. մեր կուսակցական որոշումներն ընդունվում են «ներքեւից վերեւ» սկզբունքով: ՀՅԴ տեղական կառույցը դեռ մի տարի առաջ, հաշվի առնելով քաղաքում տիրող իրավիճակը, որոշում կայացրեց 2012թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով։ Այս տարի ընդամենը հստակեցվեց անձի խնդիրը՝ որոշվեց, որ այդ թեկնածուն ես եմ։ ԲՀԿ-ի դեպքում ե՛ւ առաջադրման, ե՛ւ սատարման որոշումները, հայտարարությունները վերեւից իջնում են ներքեւ, ինչը, իմ կարծիքով, շատ սխալ է», - ասել է Հովսեփ Սիմոնյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Այսօր մեր երկրի հիմնական ու գերակա խնդիրներից երեքը կկարեւորեի` արտագաղթ, աղքատություն եւ արդարության պակաս: Սա աղետ է: Ես զարմանում եմ, որ կառավարության որոշ ներկայացուցիչներ շատ թեթեւորեն են վերաբերվում այդ լրջագույն խնդրին: Մենք արդեն կանգնած ենք աղետի եզրին, եւ այսպես թեթեւորեն նայել, հումորով հարցազրույցներ տալ արտագաղթի վերաբերյալ, ինչպես որոշներն են դա արել, ես, իհարկե, չեմ հասկանում: Մարդիկ այսօր բախվում են տարբեր ատյանների հետ, որտեղ բացարձակ անարդարություն է տիրում: Պետք է այդ հարցը լուծվի, թե չէ երկիրը դատարկվելու է ահա այսպիսի տեմպերով», - ասում է նա:

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեւանին շատ մոտ գյուղերից մեկի գյուղապետը պատմում է, թե ինչ է կատարվում իրենց գյուղում, եւ պատմածից ակնհայտ է, որ նույն վիճակն է հայաստանյան բոլոր գյուղերում: Ասում է՝ վերջին ամիսներին 10 աշխատող ձեռք է մեկնել Ռուսաստան: Սկզբում մեկը գնաց, ինչպես ասում են՝ տեղ արեց ու մյուսներին սկսեց հերթով կանչել: Բոլորն էլ աշխատանք ու եկամուտ ունեին, վատից-լավից ապրում էին: Մի մասն աշխատում էր տեղի քարհանքում, եւ վատ չէին վաստակում: Երբ Ռուսաստանից զանգեցին, հարցրեցի՝ ինչքա՞ն եք էդտեղ վաստակում: Պարզվեց՝ գրեթե նույնքան, ինչքան այստեղ: Մի առավելություն կա, ասացին՝ «հաց են տալիս»: Դե, անմիջապես հիշեցի հին հայկական ասացվածքը՝ «որտեղ հաց, էնտեղ կաց»: Բայց եթե մինչեւ հիմա մտածում էինք, թե դա գլոբալ իմաստ ունի՝ «հացի» մեջ բարեկեցիկ կյանքն ու ապահովությունը նկատի ունեն, հիմա պարզվեց, որ դա պետք է ուղղակիորեն հասկանալ՝ «մի փոր հաց» իմաստով: Պարզվում է՝ ուրիշ, ավելի կարեւոր պատճառ էլ կա: Գյուղի 90 տոկոսի տները բանկինն են՝ ժամանակին վարկ են վերցրել, չեն կարողացել փակել, հիմա բանկը որ րոպեին ուզենա, դրանք ձեռքներից կառնի, պատմում է գյուղապետը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG