Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարը ներկա կլինի Թեհրանի գագաթնաժողովին


Գալիք կիրակի օրը` օգոստոսի 26-ին, Իրանի իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանում կգումարվի Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովը։

Այս շարժմանն անդամակցում է 120 պետություն, եւս 21-ը, այդ թվում Հայաստանը, դիտորդի կարգավիճակ ունեն։

Հայաստանյան լրատվական կայքերը` հղում անելով «ՄԵՀՐ» իրանական գործակալությանը, հայտնել են, որ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կլինի այդ հավաքին, ինչի մասին ասել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը։

Չմիավորման շարժումը ստեղծվել է «սառը պատերազմի» ժամանակաշրջանում` 1961 թվականի սեպտեմբերին Բելգրադի կոնֆերանսում։ Նախաձեռնության հեղինակներն են համարվում Հարավսլավիայի, Եգիպտոսի եւ Հնդկաստանի ղեկավարներ Յոսիպ Բրոզ Տիտոն, Գամալ Աբդել Նասերը եւ Ջավահարլալ Ներուն, ովքեր 1956 թվականից քննարկել են այդ շարժման կայացման անհրաժեշտությունը: Շարժմանը կարող էր միանալ որեւէ պետություն, որը չէր անդամակցել ՆԱՏՕ-ին, Վարշավյան ուխտին, Բագդադի պակտին, ՍԵԱՏՈ-ին եւ այն տարիներին գոյություն ունեցող միջազգային խոշոր ռազմական այլ դաշինքներին։

Թեհրանում գումարվող գագաթնաժողովին ներկա կլինի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունը, չնայած Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հորդորել են նրան չմասնակցել միջոցառմանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը պարզաբանել է, որ Պան Գի-մունը մտադիր է Թեհրանին փոխանցել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համայնքի մտահոգությունները։

Իրանն էլ, ըստ արեւմտյան մեկնաբանների, գագաթնաժողովը փորձում են օգտագործել երկրի միջազգային վարկանիշը բարձրացնելու համար։

Իրանը Չմիավորման շարժման կազմակերպության նախագահությունը կստանձնի ներկայիս նախագահող Եգիպտոսից։

«Սա Իրանի արդիական պատմության ամենահզոր քաղաքական գագաթնաժողովն է լինելու», - ասել է Իրանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Ռամին Մեհմանպարաստը։

Ի շարս այլ պետությունների ղեկավարների, այս գագաթնաժողովին կմասնակցի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իսկ Ռուսաստանը կներկայացնի արտաքին գործոց նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Կոնստանտին Շուվալովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG