Մատչելիության հղումներ

Գյումրիում երեկ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային հաստատությունների մի քանի ղեկավարներ մասնակցել են քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի հետ հանդիպմանը, ինչը դուր չի եկել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ավելին` ըստ որոշ տեղական լրատվամիջոցների, Ղուկասյանի թիկնազորի անդամները ծեծի են ենթարկել հանդիպման մասնակիցներից ոմանց:

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը, ում անունը նույնպես շրջանառվում էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց ծեծի մասին պնդումները. - «Քաղաքապետի հետ հանդիպում եղել է: Նա շատ ճշմարտացի բան ասաց` կարելի էր տեղյակ պահել, նոր գնալ: Իսկ վիրավորական որեւէ բան չի եղել»:

«Որեւէ մեկի դուրն էլ չէր գա», - շարունակեց Պապանյանը: - «Տարիներ շարունակ աշխատում ես մարդու հետ, բնական է, որ պետք է հարցնես»:

Ուշագրավ է, սակայն, որ Արա Պապանյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

«Ես ցանկանում եմ չաշխատել թանգարանում, որովհետեւ ցանկանում են այլ տեղ աշխատել: Ունեմ անձնական բիզնես, ես շատ մեղուներ ունեմ, ես միայն մեղվապահությամբ էլ որ զբաղվեմ, շատ նորմալ կապրեմ», - ասաց նա` հավելելով, որ իրեն համարում է գործող քաղաքապետի թիմակից. - «Ես տարիներ շարունակ եղել եմ քաղաքապետի թիմից, տարիներ շարունակ աշխատել եմ ի շահ քաղաքի, ի շահ մեր մշակույթի»:

Գյումրիի քաղաքապետան մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շրջանառվող լուրերը որակեց «փողոցային բամբասանք». - «Չեմ կարծում, որ մեկ օրվա համար հորինված այդ ստերին արժե արձագանքել»:

XS
SM
MD
LG