Մատչելիության հղումներ

Լրացավ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 22 տարին


22 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով հռչակվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագիրը Գերագույն խորհրդի նիստում ընթերցել է Առաջին հանրապետության հիմնադրի անվանակից պատգամավոր Արամ Մանուկյանը:

Հայաստանի անկախության ակունքներում կանգնած Պարույր Հայրիկյանը, ով ղեկավարում է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը, Հայաստանի անկախության հռչակագրի օրը համարում է հայոց պատմության լուսավոր էջերից եւ հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկը:

«Հայաստանը դանդաղ, կրիայի քայլերով, բայց ինչ-որ չափով կատարեց Հռչակագրում նշված նպատակները: Որքանով որ ժողովուրդն էր պատրաստ, որքանով որ այդ ժողովրդի անունից հանդես եկող իշխանություններն էին պատրաստ: Վերջապես, տասնամյակների ընդմիջումից հետո անկախության մասին խոսքը, անկախության մասին կոչերը վերածվեցին իրավաբանական փաստաթղթի», - ասաց Հայրիկյանը:

Նրա գնահատմամբ` 22 տարի անց «օգոստոսի 23-ի խորհուրդը չի արժեվորվում»: Հայրիկյանը դա կապում է 90-ականների հետ, երբ «անկախությունն առարկայացնելու գործը ստանձնեցին անկախության հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ», ինչի հետեւանքները, ըստ նրա, զգացվում են մինչեւ օրս` ժողովրդագրական եւ սոցիակալան ծանր վիճակի տեսքով:

Միեւնույն ժամանակ, ըստ ԱԻՄ ղեկավարի, անգամ Լեռնային Ղարաբաղի հարցի առկայության դեպքում, Հայաստանի միակ այլընտրանքն անկախությունն էր. - «Եթե հանկարծ այնպես պատահեր, որ ազգերի ազատագրման, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցում առաջընթացի պայքարում առաջամարտիկ Հայաստանը չհասցներ Սովետական Միությունից դուրս գալ, կամ մենք մնայինք այն տրամադրությունների ներքո, որ ով էլ անկախանա, մենք պիտի չանկախանանք (այդպիսի տրամադրություններ կային Հայաստանում. ասում էին` ուրիշները Ղարաբաղի հարց չունեն, մենք ունենք), ապա Հայաստանը այսօր նույնիսկ կես միլիոն բնակչություն չէր ունենա»:

Հանրահայտ ռեժիսոր եւ դերասան Երվանդ Մանարյանի խոսքով` ամենաբաղձալին հենց անկախությունն էր, ու այդ պատճառով էլ, թերեւս, այն դարձավ «ամենադժվար կայացողը»:

«Տոնը տոնի հմայք չունի», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանարյանը: - «Չեմ ուզում ասել` տոնը տոնի նման չէ: Տոն է իհարկե: Բայց տոնը նաեւ պետք է հմայք ունենա, գեղեցկություն ունենա, խանդավառություն բերի: Այդ բոլոր պարագաները պակասում են մեզանում: Մենք չենք կարողանում երկիր դառնալ: Մնացած ամեն ինչը դրանից ածանցյալ է: Եթե դու պետություն չես կարողանում ստեղծել, ինչպե՞ս կարող ես ակնկալել, որ լավ սոցիալական վիճակ ունենաս, որ բարձր գիտակցական մակարդակ լինի ժողովրդի մոտ»:

Ընդդիմադիր հայացքների տեր մտավորականը իշխանությունների ուսերին է բարդում գնալով ահագնացող արտագաղթի համար պատասխանատվության հիմնական բաժինը. - «Սա օլիգարխների պետություն է, մենաշնորհային պետություն է, եւ այս արանքում ամենից շատ տուժում է այն հայ մարդը, որը դարեր շարունակ կպած մնաց այս մի կտոր հողին, բայց տեսնում է, որ այստեղ չի կարող այնպես ապրել, ինչպես իր ազգակիցներն են ապրում օտար երկրներում, գնում է այդ օտար երկրները: Իսկ երկրում մնում է այն չարքաշ հայ մարդը, որի ճակատին մի բառ է միայն գրված` հայ»:

Նշենք, որ Անկախության հռչակագրի ընդունման օրն ընդգրված չէ Հայաստանի տոնացույցում:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG