Մատչելիության հղումներ

logo-print
Չեմպիոնների Լիգայի «Սպարտակ» - «Ֆեներբահչե» խաղի ընթացքում կիրառված պիրոտեխնիկական հնարքների, Քեմալ Աթաթուրքի այրված նկարի եւ հրկիզված թուրքական դրոշների համար ռուսական ակումբը կարող է շատ թանկ գին վճարել:

«UEFA-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի «Սպարտակի» հանդեպ` երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ երկրպագուների ցուցաբերած պահվածքի համար», - տեղեկացնում է մոսկովյան ամենահեղինակավոր մարզական պարբերականներից մեկը` «Советский Спорт»-ը:

«Аргументы и Факты» թերթի հետ զրույցում էլ UEFA-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը տեղեկացրել է. - «Մեր կազմակերպության կարգապահական օրենսգրքի համաձայն հանդիպումների ընթացքում պիրոտեխնիկայի օգտագործումն արգելված է, եւ այդ արգելքը խախտելու համար պատժամիջոցներ են նախատեսված` ընդհուպ մինչեւ թիմի արտոնագրի հետ կանչում»:

«Սպարտակի» վիճակն ավելի է բարդանում նաեւ այն պատճառով, որ թիմը UEFA-ի կողմից սահմանված փորձաշրջանում է: 2010-ին սլովակյան «Ժիլինա» ակումբի հետ հանդիպման ժամանակ ռուսական թիմի երկրպագուները եւս տրիբունաներում անկարգություններ էին հրահրել, ինչն իր հերթին հանգեցրել էր UEFA-ի կողմից խիստ նախազգուշացման ու տուգանքի սահմանմանը:

Թուրքական «Hurriyet»-ն էլ փոխանցում է, որ Ստամբուլում ավելի շատ վրդովվել են ոչ թե «Ֆեներբահչե»-ի կրած պարտության, այլ թուրքական դրոշների ու Աթաթուրքի նկարն այրելու պատճառով: Թերթը պնդում է, որ դրոշները այրելու պահն արձանագրել է խաղի տեսուչը` այդ դրվագը այլ խախտումների հետ միասին ընդգրկելով հանդիպման ամփոփիչ արձանագրության մեջ:

Ըստ ռուսական աղբյուրների` «Սպարտակի» երկրպագուները աչքի են ընկել ոչ միայն «Լուժնիկի» մարզադաշտում, այլեւ դրանից դուրս:

«Խաղի մեկնարկից մի քանի ժամ առաջ մոտ երկու տասնյակ ռուս ֆուտբոլասերներ հարձակվեցին մոսկովյան բարերից մեկում հանգստացող «Ֆեներբահչե»-ի 12 երկրպագուների վրա», - գրում է «Аргументы и Факты»-ն` մանրամասնելով. - «Այդ հարձակման արդյունքում թուրք հյուրերը զրկվեցին լավ տրամադրությունից, մի քանի ատամներից եւ այն կարգախոսներից ու դրոշներից, որ բերել էին իրենց հետ Մոսկվա»:

Կարելի է միայն ենթադրել, որ ընդհարման ընթացքում թուրքերի կորցրած հենց այդ դրոշներն էին, որ մի քանի ժամ անց արդեն այրվում էին «Լուժնիկի» մարզադաշտի տրիբունաներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG