Մատչելիության հղումներ

Հայաստանում հերքում են Իրանի հետ ապօրինի բանկային համագործակցությունը


Հայաստանի կենտրոնական բանկի շենքը

Հայաստանի կենտրոնական բանկի շենքը

Հայաստանի բանկային համակարգի ներկայացուցիչները «անհասկանալի» եւ «ապատեղեկատվություն» են որակում «Ռոյթըրզ» գործակալության հոդվածում առկա կասկածները, թե Հայաստանը, խախտելով Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները, համագործակցում է այդ երկրի բանկերի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայաստանյան «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը «անհասկանալի» որակեց Իրանի հետ գործարքներ իրականացնելու վերաբերյալ «Ռոյթըրզ» գործակալության հոդվածում իրենց բանկին առնչվող կասկածները:

«Կարծում եմ, դա ինչ-որ թյուրիմացություն է, իրականության հետ ոչ մի կապ չունի: «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը չի կատարել նախկինում, չի կատարում եւ, կարծում եմ, առաջիկայում էլ չի պատրաստվում կատարել գործառնություններ Պարսկաստանի հետ», - հայտարարեց Գիշյանը` հավելելով. - «Որովհետեւ մենք գործունեության բոլորովին ուրիշ ուղղվածություն ունենք: Մեր գործունեությունը հիմնականում ուղղված է Հայաստանի տնտեսության ֆինանսավորմանը, մասնավորապես` գյուղատնտեսության, ինչը մենք հաջողությամբ իրականացնում ենք»:

«Ռոյթըրզ»-ի հրապարակման մեջ նշվում էր նաեւ իրանական «Մելլաթ» բանկի անունը: Հայաստանում այս բանկի մասնաճյուղից «Ազատություն» ռադոկայանին փոխանցեցին մասնաճյուղի գործադիր տնօրեն Մոհամմադ Բաղերիի հետեւյալ պարզաբանումը. - «Մենք գործում ենք բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Կենտրոնական բանկի որոշումների եւ սահմանած նորմատիվների շրջանակում, եւ աշխատում ենք միշտ զերծ մնալ «Ռոյթըրզ»-ի հրապարակման մեջ նշված խնդիրներից»:

Հայաստանի կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանի խոսքով, հայաստանյան առեւտրային բանկերը, իրավիճակից ելնելով, թղթակցային հարաբերություն չունեն որեւէ իրանական բանկի հետ: Ավելին, ըստ Ազատյանի, առեւտրային բանկերի հիմնադիրները տեւական ժամանակ է, ինչ դադարեցրել են թղթակցային հարաբերությունները Հայաստանում գործող իրանական «Մելլաթ» բանկի հետ. - «Այդ տեսակետը, որ այդպիսի հնարավորություն է քննարկվում, մենք կարծում ենք, որ իրատեսական չէ` ելնելով թե' այդ հարաբերությունների բացակայությունից եւ թե' հնարավոր ծավալների սպասարկումից Հայաստանի ֆինանսական շուկայում»:

Հարցին, թե որքանով է Հայաստանի կենտրոնական բանկը հետեւում, որպեսզի առեւտրային բանկերը չիրականացնեն գործարքներ, որոնք կշրջանցեն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ԿԲ-ի ներկայացուցիչը պատասխանեց. - «Կարող եմ վստահեցնել, որ ՄԱԿ-ի բանաձեւերով սահմանված ցանկերով որեւէ գործարք չի կարող իրականացվել Հայաստանի Հանրապետությունում: Իրավական արգելք կա, իսկ տեխնիկապես այդ արգելքը կիրառվում է հենց առաջին հերթին բանկերում, որտեղ գործառնական ծրագրային համակարգերում այդ ցանկերը ներդրված են, եւ ինքը համակարգը թույլ չի տալիս գործարքի կողմ ճանաչել նմանատիպ անձանց»:

Իսկ հարցին, թե ինչու հայաստանյան բանկերը «կասկածվեցին», Ազատյանն արձագանքեց. - «Ես չէի ասի, որ Հայաստանի բանկերը հայտնվեցին կասկածյալ երկրների մեջ: Բացարձակապես այդ տրամադրվածությունը ես չեմ չունեցել եւ չունեմ նաեւ «Ռոյթըրզ»-ի հրապարակած նյութից: Ես կարող եմ ասել, որ միջազգային կազմակերպությունները, որոնք մասնագիտացված են այս ուղղությամբ… Հայաստանը պարբերաբեր ներկայացնում է հաշվետվություններ` օրենսդրական ինչպիսի փոփոխություններ կան, ինչպիսի համակարգ կա: Եվ մեր երկիրը, ի տարբերություն մի շարք այլ երկրների, երբեք չի համարվել ռիսկային երկիր փողերի լվացման կամ միջազգային կոնվենցիաների շրջանցման առումով»:

«Ռոյթըրզ»-ի հրապարակումը անսպասելի եւ հանկարծակի է եղել Հայաստանի բանկերի միության համար:

«Մեր հայկական բանկերը բոլորը գործում են Հայաստանի կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտում, միջազգային կառույցների կողմից սահմանված նորմերի շրջանակներում, եւ դրանց հիման վրա իրենց կողմից մշակված ներքին արարողակարգերի համաձայն: Իսկ այդ դաշտում նման գործարքների իրականացումը գրեթե բացառվում է: Եվ այդ հաղորդագրության մեջ հիմնավոր որեւիցե փաստարկներ չբերվեցին: Կարծում եմ, որ դա ավելի շուտ ապատեղեկատվություն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը:

XS
SM
MD
LG