Մատչելիության հղումներ

Առաջնորդարանի շենքը վերահսկում են կառավարական զորքերը


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի շենքը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են Սիրիայի զարգացումներին հետեւող դիվանագիտական աղբյուրները, այս պահին գտնվում է Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության ներքո:

Երեկ լուր էր տարածվել, թե ապստամբները վերահսկում են Հալեպի հայաբնակ թաղամասերը եւ հիմնականում քրիստոնյա արաբներով բնակեցված այն թաղամասերը, որտեղ գտնվում են հայկական համայնքի մշակութային կենտրոնները:

Այս պահին եւս ապստամբները քաղաքի որոշ վայրեր պահում են իրենց վերահսկողության տակ:

Համացանցում, մինչդեռ, տարբեր լուրեր են շրջանառվում, որ երեկ երեկոյան կառավարական զորքը կարողացել է ապստամբներին դուրս մղել Հալեպի հայաբնակ թաղամասերից:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ ուշ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայում, ուր եկել էր դիմավորելու Հայաստան երկշաբաթյա հանգստի եկած շուրջ 150 սիրիահայ երեխաների, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իր ունեցած վերջին տեղեկությունները:

Նրա տվյալներով եւս, երեկ երեկոյան արդեն կառավարական զորքերը վերահսկում էին Հալեպի հայաբնակ թաղամասերը. - «Այսօր մեր հայկական թաղամասերում որեւէ ավերածություն չկա, որեւէ խուճապային իրավիճակ չկա: Ուղղակի մարդիկ խուսափում են փողոց դուրս գալուց»:

Հալեպի հայերի վիճակը նախարարը գնահատում է «տանելի»:

Ստեղծվելու է սիրիահայերի խնդիրները համակարգող մարմին


Սփյուռքի նախարարն այսօր հանդիպման էր հրավիրել Հայաստանում գտնվող սիրիահայերին ու Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում նրանց առնչվող խնդիրները:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ իրենց նախարարությունում ստեղծվելու է սիրիահայերի խնդիրները համակարգող մի մարմին, որում ներառված կլինեն նաեւ սիրիահայերը:

Նախարարը նշեց նաեւ, որ կառավարություն ընդառաջ գնալով սիրիահայերին` երկու որոշում կայացրեց վիզաների ստացման ու Հայաստանի քաղաքացիության ստացման դյուրացման ոլորտներում: Սիրիահայերն այժմ Հայաստանի մուտքի վիզա կարող են ստանալ ոչ թե Սիրիայում, այլ Հայաստանի սահմանին, իսկ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար պարտադիր չէ գան Հայաստան, կարող են հենց Սիրիայում լուծել այս հարցը: Այժմ քննարկվում են սիրիահայերի կրթության ու վիզաների ժամկետների երկարացման հետ կապված հարցերը:

«Հայաստանում սիրիահայերի համար կարեւոր են աշխատանքի տեղավորման, կացարանի եւ կրթական ոլորտի խնդիրները», - քննարկման ժամանակ ասում էր նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը: Նա նշում է, որ շատ սիրիահայեր Հայաստանում դժվար են հարմարվում առաջարկվող աշխատանքի պայմաններին, բողոքելով, թե պայմանները ծանր են, աշխատավարձն էլ ցածր։

Սփյուռքի նախարարության տվյալներով, Հայաստանում այժմ գտնվում է 1700 սիրիահայ: Փախստականի կարգավիճակ ստանալու համար Միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք, որոնցից 19-ն արդեն ստացել են կարգավիճակ ու բնակվում են հատուկ կացարաններում:

Այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ոստիկանություն է դիմել շուրջ 3600 սիրիահայ:

XS
SM
MD
LG