Մատչելիության հղումներ

Պրահայում շարունակվող Եվրոպայի պատանիների առաջնության կեսին առավելագույն միավորներ է վաստակել Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված Եվրոպայի չեմպիոն, 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Նա անցած 5 օրերին արձանագրել է բացառապես հաղթանակներ եւ ունի 5 միավոր: Այսօր Հայկը մրցելու է 4.5 միավոր ունեցող Ռուսաստանի ներկայացուցչի հետ:

Հայաստանի խմբում ընդգրկված 24 շախմատիստներից 4.5 միավոր ունեն 18-ամյա Մարիա Գեւորգյանը եւ Եվրոպայի փոխչեմպիոն 18-ամյա Հովհաննես Գաբուզյանը: Նրանք նույնպես մինչ օրս որեւէ պարտություն չունեն, վաստակել են 4 հաղթանակ եւ մեկ ոչ-ոքի արդյունք: Այսօր Գաբուզյանի եւ Գեւորգյանի մրցակիցները նույնպես Ռուսաստանի խմբում ընդգրկված բարձր կարգ ունեցող շախմատիստներ են:

Այսօրվա շախմատային խաղերը մեկնարկելու են Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին, արդյունքները հայտնի կդառնան ժամը 22-ից հետո:

Մրցաշարի 6-րդ օրը բավականին հետաքրքիր խաղեր են սպասվում նաեւ մյուս տարիքային խմբերում: Մասնավորապես, 4 միավորով են հանդես գալիս 10-ամյա Շանթ Սարգսյանը, 12-ամյա Արամ Հակոբյանը, 14-ամյա Մանուել Պետրոսյանը եւ 16-ամյա Անի Հարությունյանը:

Մրցաշարի 6-րդ օրը 5 հնարավոր միավորներից 3.5-ն են վաստակել 14-ամյա Գոռ Ալեքսանյանը, 16-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Դավիթ Շահինյանը:

Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությանը մասնակցում են ավելի քան 1180 մանկահասակ եւ պատանի շախմատիստներ՝ 46 երկրներից: Արդյունքները կամփոփվեն օգոստոսի 27-ին:

Հաղթողների համար Չեխիայի շախմատի ֆեդերացիան, AVE-Kontakt գործակալությունը եւ Եվրոպական շախմատի միությունը նախատեսել են 20 հազար եվրո ընդհանուր արժողությամբ մրցանակներ եւ նվերներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG